Հայ շախմատիստները տոն են տալիս
Ռուսաստանի թիմային առաջնություններում
Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցում ընթացքի մեջ են շախմատի Ռուսաստանի տղամարդկանց՝ 22-րդ եւ կանանց՝ 16-րդ թիմային առաջնությունները:
Երկու մրցաշարերում էլ տարբեր թիմեր իրենց կազմերն ուժեղացրել են հայ շախմատիստներով, որոնք արդյունավետ են հանդես գալիս՝ մեծ ավանդ ներդնելով իրենց թիմերի արձանագրած ցուցանիշներում:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է ութ ակումբային թիմ, որոնք յոթ տուրերում որոշելու են չեմպիոնին: Հայաստանի լավագույն շախմատիստ, օրերս Ծաղկաձորում անցկացված աշխարհի առաջնության թիմային բրոնզե մեդալակիր եւ առաջին խաղատախտակի առջեւ ոսկե մեդալ նվաճած Լեւոն Արոնյանը, որ ներկայացնում է Նովոսիբիրսկի «Սիբիրը», հանդես գալով մինչեւ երեկ կայացած բոլոր հինգ տուրերում, ակումբի հաշվարկին բերել է անհատական 3,5 միավոր: Արոնյանի թիմը մրցաշարային աղյուսակում միանձնյա ընթանում է առաջին հորիզոնականում եւ չեմպիոնական տիտղոսի ամենահավանական թեկնածուն է: Երեկ Կազանի «Լադյայի» հետ կայացած նախավերջին՝ վեցերորդ տուրում, Արոնյանը հանգստանում էր:
Կարդացեք նաև
Կանանց թիմային առաջնությունում հանդես են գալիս միանգամից երեք հայ շախմատիստուհիներ, որոնցից մեկը՝ Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացող, օրեր առաջ Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված կանանց աշխարհի թիմային առաջնությունում երկրորդ խաղատախտակի առջեւ ոսկե մեդալի արժանացած միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանն է: Լիլիթը պաշտպանում է հինգ տուրից հետո 4-րդ տեղում ընթացող Խանտի-Մանսիյսկի «Յուգրայի» մարզական պատիվը: Նա մասնակցել է բոլոր տուրերին եւ վաստակել 3,0 միավոր:
Իր հարազատ քաղաքի «Սանկտ Պետերբուրգում» չորրորդ խաղատախտակի առջեւ խաղում է կանանց միջազգային վարպետ Ալինա Բալայանը, որը հինգ հնարավորից վաստակել է 3,5 միավոր: Նրա թիմը 8,0 (անհատական՝ 13,5) միավորով նախավերջին տուրից առաջ ընթանում էր երկրորդ հորիզոնականում:
Երրորդ հայ շախմատիստուհին՝ կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան, Կազանի «Լադյայի» առաջատարն է ու առաջատարին վայել շախմատ է ցուցադրում: Նա հինգ տուրերում կորցրել է ընդամենը մեկ միավոր, ինչը առաջնության բոլոր մասնակիցների մեջ երրորդ ցուցանիշն է: Հենց Համբարձումովայի շնորհիվ է, որ «Լադյան» թիմային 5 եւ անհատական 11,5 միավորով ութ թիմերի պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2015