Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրսի» հրատարակիչները հետաքրքրված են ցեղասպանության թեմայով գրականությամբ

Մայիս 08,2015 12:30

Հայ գրականության հիմնադրամը 2011թ. իրականացնում է գրահրատարակչական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր:

Վերջերս 120 երկրից 25.000 մասնակիցների թվում հիմնադրամը մասնակցեց Ֆրանկֆուրտից հետո մեծությամբ երկրորդ՝ Լոնդոնի միջազգային գրքի ցուցահանդեսին: Հիմնադրամը ներկայացրել է մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացվող նպատակային թարգմանության աջակցման ծրագիրը:

«Առավոտի» հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանը նշեց, որ իրենց նպատակն էր այս տարի ցուցահանդեսին ներկայացնել Հայոց ցեղասպանությանն առնչվող գրականություն եւ արտերկրյա հրատարակիչներին աջակցել՝ այդ թեմայով գրքերի հրատարակման գործում: Հայկական տաղավարի ներկայությունն ապահովել էին մշակույթի նախարարությունը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: Տաղավարում ցուցահանդեսի օրերին ներկա էին հայազգի գրողներ եւ հրատարակիչներ Սփյուռքից, այդ թվում՝ Ջորջ Ջրջյանը՝ Մեծ Բրիտանիայից, Ամերիկահայ գրողների ընկերակցության նախագահ Դուգլաս Քալաջյանը, բրիտանական «Կոմիտաս» հրատարակչության ներկայացուցիչ Նուրիցա Մաթոսյանը եւ ուրիշներ:

Photo-LFB-6-1

Արեւիկ Աշխարոյանը՝ շվեդ հրատարակիչ Ինգեմար Նիլսոնի հետ:

Արեւիկ Աշխարոյանը հայտնեց, որ մինչ Լոնդոն մեկնելը ձեռք էր բերվել արտերկրյա հրատարակիչների եւ գործակալների հետ 50 հանդիպման պայմանավորվածություն, իսկ տեղում դրանք ավելացել են եւս մի քանի տասնյակով: «Գերմանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից ժամանած հրատարակիչները հանդիպման ժամանակ ներկայացնում էին ցեղասպանության թեմայով գրքեր՝ թե՛ գեղարվեստական, թե՛ փաստագրական: Օրինակ, թուրքական EVRENSEL հրատարակչությունը ապրիլյան համարը (լուսանկարում) ամբողջությամբ նվիրել էր Հայոց ցեղասպանությանը»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը:

Իրենց հաջողվե՞լ է հետաքրքրել հրատարակիչներին՝ ցեղասպանության թեմայով գրքեր հրատարակել, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ արդեն ունեն հայտեր Եթովպիայից, ԱՄՆ-ից եւ Դանիայից, իսկ, օրինակ, շվեդ հրատարակիչ Ինգեմար Նիլսոնը 2013թ. հրատարակել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը», որը 2014թ. ներկայացված է եղել Նոբելյան մրցանակի: Նաեւ մանրամասնեց, որ հրատարակիչը դիմում է իրենց, իրենք թարգմանության աջակցման հայտը ներկայացնում են նախարարություն, վերջինս էլ որոշում է ու վճարում: Ռեպլիկին՝ փաստորեն, հիմնադրամը միջնորդի դեր է կատարում, Արեւիկ Աշխարոյանը հաստատեց:

Փոխանցելով վերջին շրջանում տարածված այն միտքը, թե սփյուռքում այսօր երիտասարդ սերունդը այլեւս հայերեն չի խոսում, առավել եւս՝ արեւելահայերեն չի կարդում, եւ Հայաստանում էլ արեւմտահայերեն չեն կարդում, մեր զրուցակիցն ասաց, որ դա ամենացավոտ հարցն է: «Գրականության ոլորտում կտրված է կապը հայրենիքի եւ սփյուռքի միջեւ: Այո, մտահոգություն կա, որ եւս մի քանի տարի՝ եւ սփյուռքահայերը ընդհանրապես հայերեն չեն խոսի, առավել եւս՝ գրի ու կարդա»,- հայտնեց տիկին Աշխարոյանը: Հետաքրքրությանը՝ իսկ այս դեպքում ի՞նչ անել, մեր զրուցակիցը պատասխանեց իր ղեկավարած հիմնադրամի անունից. «Մենք նախատեսում ենք նախ հավաքագրել մեր կայքում լայնամասշտաբ տեղեկատվություն սփյուռքահայ գրողների մասին ու հետո կատարել վերածումներ արեւմտահայերենից՝ արեւելահայերեն եւ հակառակը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031