Պատմիչ Եղիշեն ասում է, որ վախը թերահավատության նշան է: Հոգեւոր հայրերը նշում են, որ վախի հաղթահարման միակ ճանապարհը հավատքն է եւ կրոնը: Հոգեբանները վախի վերաբերյալ ունեն հետեւյալ կարծիքը, ըստ որի՝ մարդը վախենում է այն դեպքում, երբ վտանգ է զգում: Ավելի հաճախ մարդուն անհանգստացնում է այն, ինչը կարող է ճնշել նրա ինքնավստահությունը, ինքնագնահատականը: Վախենում են նաեւ անհաջողությունից եւ հոգեբանական կորուստներից, որոնք կարող են մարդու հոգեկանում խառնաշփոթ առաջացնել: «Վախը, թերահավատությունը մարդու մեջ հայտնվում է իր ներքին կոնֆլիկտներից, խնդիրներից: Հոգեբանության մեջ ընդունված է ասել, որ փոքր երեխաներին անընդհատ ճանապարհորդության տանելով, եթե դրա համար որեւէ խանգարող հանգամանք չկա, նրանք երբեք ֆոբիաներ չեն ունենա: Ինչքան երեխայի ընկալումները, շփումները շատ լինեն եւ բարդույթ չունենան, ապա վախ եւ թերահավատություն եւս չեն ունենա»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է հոգեբան Աննա Բադալյանը:
Կան օբյեկտներ, իրադարձություններ եւ իրավիճակներ, որոնք ունեն վախ արթնացնելու հակում, որոնցից էլ հոգեբաններն առանձնացնում են՝ ցավ, միայնակություն, իրավիճակի փոփոխություն եւ այլն: Մարդն այս իրավիճակներին նախատրամադրված է արձագանքել վախով: Հոգեբանները նշում են, որ վախը փոխազդեցություն ունի նաեւ այլ հույզերի հետ՝ տխրության կամ ամոթի: Եթե ծնողները նախատում են երեխային վախի նվազագույն դրսեւորումների համար, ապա ի վերջո երեխան սկսում է մեխանիկորեն զգալ ամոթ ամեն անգամ, երբ զգում է վախ: Երբ երեխան վախենում է որեւէ արարքից եւ չի կատարում, ապա միայն այն պատճառով, որ խուսափում է պատժից, իսկ լավ արարք կատարում է՝ սպասելով խրախուսանքի:
Տիկին Բադալյանը նշեց, որ եթե երեխային սովորեցնում են միայն հաղթանակ, հաջողություն եւ այլն, ապա նա մեծանում է սոցիալականապես «հաշմանդամ»: «Երեխան որպես «ջերմոցային» տեսակ չպետք է մեծանա: Նրան պետք է սովորեցնել, որ կա պարտություն, դժվարություն, որը պետք է հաղթահարել, իսկ պարտվելը ամենեւին չի նշանակում կործանվել, ոչնչանալ, ընդհակառակը՝ պարտությունը կարող է նոր հաղթանակի հիմք դառնալ»,- նշում է հոգեբանը:
Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հոգեւոր տեսակետից՝ վախը անհավատության դրսեւորում է դիտարկվում, որովհետեւ մենք մեր հույսը ամեն պահի պետք է դնենք Աստծո եւ նրա նախախնամության վրա, այսինքն՝ անվերապահորեն նվիրվել Աստծուն, նրա պաշտպանությանը եւ քանի որ մարդու համար այս աշխարհում ամեն բան պարզ չէ, որոնց մեջ մտնում է նաեւ ապագայի չիմացությունը, ինչպես նաեւ մարդու կարողությունների սահմանափակությունը, առաջանում են վախեր, անհանգստություններ, որոնք խորանալով եւ արմատավորվելով՝ վերափոխվում են վախերի:
«Մարդը սկսում է անհանգստանալ իր, իր ընտանիքի ներկայի եւ ապագայի համար: Եթե թույլ ենք տալիս անորոշությունները բույն դնեն մարդու հոգում, առաջանում են այնպիսի վախեր, որոնք խորանալով՝ մարդուն բերում են ծայրահեղ հոգեբանական, հուզական վիճակների եւ դրսեւորվում են տարբեր կերպ»,-ասաց տեր Վազգեն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կյանքի նկատմամբ վախը կարող է մարդուն ինքնասպանության դրդել, կամ չարության, ծուլության եւ այդպիսով մարդ ինքն իրեն կորցնի: «Քրիստոնեությունը մնացած կրոններից տարբերվում է նրանով, որ Աստծո եւ մարդու հարաբերությունը հիմնված է սիրո վրա եւ մարդը Աստծո պատվիրանները պետք է կատարի ոչ թե վախի զգացողությունից, այլ՝ սիրուց»,-նշեց հոգեւորականը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2015