Դեղատնային խատուտիկը, բացի իր գեղեցիկ ծաղիկներից, ունի նաեւ բուժական հատկություններ` մարսողությունը կարգավորող, լեղամուղ, միզամուղ, լուծողական եւ ցավազրկող: Օգտագործվում է որպես գաստրիտների, վատ ախորժակի, ընդհանուր հյուծվածության, կոլիտների, միզակապությունների, խոլեցիստիտների, աթերոսկրելոզի դեպքում:
Խատուտիկի արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, մինչեւ 40% ինուլին (բազմաշաքարների խմբի օրգանական նյութ), մինչեւ 3% կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական եւ կալցիումական աղեր։ Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերեւները՝ ճարպ, պարաքսանթին, կարոտինոիդներ, A, B, B2, C, PP վիտամիններ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից՝ երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր։
Խատուտիկից ջրաթուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 10գ (1 ճաշի գդալ) արմատները լցնել էմալապատ ամանի մեջ եւ 5 րոպե տաքացնել, ապա ավելացնել 200 մլ եռացրած ջուր: Փակել կափարիչով եւ կրկին տաքացնել 15 րոպե եռացող ջրում` ջրային բաղնիքում, հաճախակի խառնելով, որից հետո թողնել 45 րոպե, որպեսզի դառնա սենյակային ջերմաստիճանի: Այնուհետեւ քամել, մնացորդային հումքը մզել եւ թափել: Ջրաթուրմի ծավալը հասցնել 200 մլ-ի` ավելացնելով համապատասխան քանակի եռման ջուր: Օգտագործում են տաք վիճակում՝ 1 բաժակ, օրական 3-4 անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ, իբրեւ ախորժաբեր եւ լեղամուղ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2015