Դավթաշեն համայնքի ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 դպրոցի բակում հանդիսավոր պայմաններում կատարվեց Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Գեւորգյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշարի բացման արարողությունը:
Մրցաշարի աջակիցներն են Դավթաշեն վարչական շրջանը եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Արարողությանը ներկա էին Սամվել Գեւորգյանի կինը, թոռնուհին, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ազգային ֆեդերացիաների նախագահներ, Դավթաշեն վարչական համայնքի ղեկավարությունը, Սամվել Գեւորգյանի մարտական ընկերները:
Ելույթ ունեցողները նշեցին արցախյան հերոսմարտում Սամվել Գեւորգյանի ունեցած դերակատարումը հաղթանակի գործում, որը օրինակ է աճող սերնդի համար, նշեցին, որ պատերազմից առաջ նա եղել է հեծանվորդ, սպորտի վարպետ, աշխատել որպես մարզիչ: Անցած տարի առաջին անգամ անցկացվեց Սամվել Գեւորգյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշար Դավթաշեն համայնքի դպրոցների միջեւ: Եվ քանի որ այն լայն ընդունելության արժանացավ, այս տարի մրցաշարն ընդլայնել է ընդգրկման ոլորտը՝ ներառելով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:
Խճուղային հեծանվավազքի Սամվել Գեւորգյանի ավանդական հուշամրցաշարն այս աշնանն անցկացվելու է Արցախում եւ նույնպես ընդլայնելու է ընդգրկման շրջանակները՝ ստանալով միջազգային բավականին լուրջ կարգավիճակ, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել տարածաշրջանի երկրներ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ