Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը:
Հարկ է նշել, որ շինարարության ոլորտը մեր օրերում լինելով տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը, ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչման բացակայության պատճառով չուներ ոլորտի լավագույններին գնահատելու հնարավորություն:
Այս հարցը ՀՀ քաղաքաշինության նախարար Ն. Սարգսյանը դեռևս 2014 թվականի օգոստոսին Շինարարի մասնագիտական տոնի հանդիսության ընթացքում էր բարձրացրել՝ կառավարության ղեկավարի ուշադրությունը հրավիրելով և առաջարկելով համապատասխան քայլեր ձեռնարկել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը վերականգնման համար:
Առաջարկն այսօր արդեն քննարկվել է գործադիրի նիստում և հավանության արժանացել:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է շինարարության բնագավառում մեծ վաստակ, բարձր որակավորում ունեցող շինարարներին, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական ու այլ կազմակերպությունների աշխատողներին` բացառիկ արդյունավետ գործունեության, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության ու ստեղծարար գործունեության մեծ վաստակի համար:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն