Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սիմոնյան. «երեխայի իրավունքի պաշտպանության եռաստիճան համակարգը կայացման լուրջ խնդիրներ ունի»

Մայիս 07,2015 19:30

Այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Լոռի» հեռուստաընկերության մեդիա սրահում երեխաների խնամքի եւ պաշտպանության համակարգում նախատեսվող փոփոխությունների շուրջ լրագրողների համար  քննարկում էր կազմակերպել:

Ամենամսյա այս  քննարկումները «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի մասն են: Դրանց նպատակն է օգնել լրագրողներին հանգամանալից պատկերացում կազմելու որոշակի ոլորտների բարեփոխումների մասին` դրանց ընթացքն ու ազդեցությունը հասարակության կյանքում առավել խորն ու համակողմանի լուսաբանելու համար:

«Շատ լավ է, որ այժմ պետք է ներդրվի սոցիալական աշխատողի ինստիտուտը, քանի որ մենք կոնկրետ հավատում ենք, որ երեխայի բարեկեցության, խնամքի, երեխայի իրավունքը պաշտպանելու առումով առաջին կարեւոր մասնագետը, որ պետք է լինի, սոցիալական աշխատողն է, ով կկարողանա առկա խնդիրների պատճառները ճիշտ հասկանալ եւ ծառայությունների ցանցի միջոցով ներկայացնել»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց   Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը` նկատելով, սակայն, որ երեխայի իրավունքի պաշտպանության եռաստիճան համակարգը կայացման լուրջ խնդիրներ ունի:

«Այս համակարգերը միջգերատեսչական թույլ կողմեր ունեն, համագործակցության խնդիրներ ունեն, գործընթացը պետք է ընթանա: Բայց եթե նայենք սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման գործընթացին, եթե կայանա, ապա երեխաները, եւ շատ ընտանիքներ, որ ունեն խնդիրներ, կկարողանան շահել այս բարեփոխման գործընթացում»:

Ըստ նրա` երեխայի իրավունքի պաշտպանության եռաստիճան համակարգը լուրջ խնդիրներ ունի նաեւ համայնքային մակարդակում:

«Պետք է պարտադիր մասնագետ լինի, թեեւ այստեղ էլ խնդիր կա, քանի որ ընթանում է համայնքների խոշորացման բարեփոխումը, ու թե ինչպես է լինելու, դա հարց է»:

Խոսելով բեռնաթափման գործընթացի մասին` Լուսինե Սիմոնյանը նկատում է, որ այստեղ եւս լուրջ խնդիրներ կան:

«Պետությունը որդեգրել է, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում, տարբեր կազմակերպություններ աջակցում են այս բարեփոխմանը, բայց էլի շատ ռիսկեր կան, որովհետեւ մեկ բան է փակել խնամքի հաստատությունները, մանկատները, մեկ այլ բան է, թե փակվելու դեպքում, եթե ընտանիք չենք կարող վերադարձնել, իսկ ընտանիք վերադարձնելու համար ընտանիքի հետ պետք է աշխատենք, պետք է հասկանանք ընտանիքի հիմնախնդիրը, երեխային հաստատություն բերելու պատճառները, ու նաեւ այդ ընտանիքը ուժեղացնենք, որ վերադարձնենք, բայց նաեւ կան դեպքեր, որ չենք կարող կենսաբանական ընտանիք վերադարձնել, այս դեպքում արդեն պետությունը երեխաների խնամքի այլընտրանքային հայեցակարգեր է մշակում, դա նույն խնամատարության ինստիտուտն է, խնամակալության ինստիտուտն է, ցերեկային կենտրոնների ծառայություններն են, նաեւ հնարավոր է երկարօրյայի մաս լինի, որովհետեւ հիմա հետազոտություն է արվում` տեսնելու համար, թե ինչպես վերակազմակերպեն այդ բարեփոխումը»:

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրենի փոխանցմամբ` մյուս բարեփոխումը վերաբերում է ներառական կրթությանը:

«Հատուկ դպրոցները նույնպես վերակազմակերպվում են,  եւ ներառական կրթության կայացման բավական լուրջ խնդիրներ կան` եւ կրկին մասնագետների պակաս կա, հասարակության, ծնողի, ուսուցչի, հարեւանի, բոլորի հետ աշխատանքի տարման խնդիր կա, որովհետեւ մտածողության փոխելու շատ կարեւոր մաս ունենք, իսկ ներառումը շատ զգայական դաշտ է, ու դա միայն խնդիր ունեցող երեխայի համար չէ»,-եզրափակեց Լուսինե Սիմոնյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031