«Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է»,- վստահեցնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ եթե ուշադրություն դարձնենք Հայաստանի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը այլ երկրների հետ, ապա կտեսնենք, որ այս ոլորտում Ռուսաստանի հետ ավելի շատ միջոցառումներ են անցկացվում, քան այլ երկրների հետ. «Վերջին ժամանակաշրջանում ստորագրած կարևորագույն փաստաթղթերն ապահովում են ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության զարգացումը»,- ընդգծեց Ս. Օհանյանը:
Ինչ վերաբերում է այլ երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններին, դա, ըստ նախարարի, յուրաքանչյուր երկրի խնդիրն է: «Իհարկե, մտահոգություններ մենք պարբերաբար արտահայտում ենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, և դա բերում է նրան, որ այդ ամենը վերահսկելի է մնում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ