Լրահոս
Օրվա լրահոսը

Քննության առնվեց ՀՔԱՎ-ի վարչական բողոքն ընդդեմ Ֆինանսների նախարարության

Մայիս 07,2015 19:03

2015թ.-ի փետրվարի 26-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել ՀՀ Ֆինանսների նախարարություն կազմակերպություն դիմած քաղաքացի Մ. Գ.-ի խնդրի լուծման շրջանակներում: Քաղաքացու ավտոմեքենայի մաքսազերծման վճարը կազմել է 6 մլն 707 հազար 917 դրամ, որը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ վճարման ենթակա գումարներին: Տեղեկատվություն ստանալու հարցումը վերաբերել է մաքսազերծման վճարի հաշվարկման կարգին, իր մեջ ներառած հարկատեսակներին և այլ մանրամասներին, ինչպես նաև է ՀՀ և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված մաքսային մարմինների տեղեկատվական բազայի կրկնօրինակի տրամադրելուն:

ՀՀ Ֆինանսների նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել հարցման բոլոր կետերով, բացի մեկից (մաքսային մարմինների տեղեկատվական բազայի կրկնօրինակ), պատճառաբանելով, որ «/…/ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային մարմնի բազայում առկա արժեքների ցանկն ամփոփ տարբերակով հրապարակվում և ներկայացվում է ՀՀ Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը՝ դրա համար հատուկ հատկացված վայրում/…/»: 2015թ.-ի ապրիլի 10-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վարչական բողոք է ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, խնդրելով ՀՀ ֆինանսների նախարարության անգործությունը ճանաչել ոչ իրավաչափ և հանձնարարել վեջինիս տրամադրել կազմակերպության պահանջած տեղեկատվությունը:

Կազմակերպության բողոքին ի պատասխան՝ 2015թ.-ի ապրիլի 29-ին ՀՀ Ֆինանսների նախարարության հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովը որոշեց քննության առնել վարչական բողոքը և նիստ նշանակեց 2015թ.-ի մայիսի 5-ին ժամը 16:00-ին, որի վերաբերյալ կազմակերպությանը ծանուցվել է հեռախոսազանգի միջոցով: Վարչական վարույթին կազմակերպության ներկայացուցիչ Արայիկ Զալյանը ներկայացել էր հրավիրված ժամին, սակայն տեղում պարզել էր, որ նույն ժամին, տարբեր վարչական բողոքներով նույն վայր են հրավիրված 5 այլ վարչական բողոքներով ներկայացուցիչներ: Կազմակերպության ներկայացուցիչը ստիպված է եղել մեկ ժամ 20 րոպե սպասել Ֆինանսների նախարարության միջանցքներում, որտեղ անգամ նստելու տեղ չի եղել:

Նիստի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրեց վարչական բողոքը, որից հետո Ֆինանսների նախարարության աշխատակիցը ներկայացրել է նախարարության դիրքորոշումն այն մասին, որ իրենք չեն խուսափել տեղեկատվություն տրամադրելուց, այլ մատնանշել են տեղեկատվության գտնվելու վայրը: Մինչդեռ, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում:

Ըստ նույն օրենքի հրապարակում է համարվում տեղեկությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, Ինտերնետով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելը։ Մինչդեռ հարցված տեղեկատվությունը ՀՀ ՖՆ-ի կողմից մատնացույց չի արվել վերոհիշյալ տեղեկատվության փոխանցման միջոցներով: Այնուհետև Ֆինանսների նախարարության աշխատակիցը նշեց, որ տեղեկատվությունը չփոխանցելու պատճառը նաև այն է, որ պահանջած տեղեկատվությունը չափազանց ծավալուն է եղել: Այդ դեպքում հարց է առաջանում, թե այդքան ծավալուն նյութը ինչպես է փակցվել ՀՀ ՖՆ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը: Վարչական վարույթը ավարտվեց, և վարույթի նախագահը հայտարարեց, որ ավելի ուշ որոշման պատճենը փոստով կուղարկի կողմերին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031