Այսօր ԱԺ-ում քննարկվեց Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ այդ նախագծով համայնքի քառամյա զարգացման ծրագրերի կառուցվածքի հետ կապված խնդիրներն են լուծում:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, օգտվելով առիթից, իր տեսակետը ներկայացրեց համայնքների խոշորացման մասին՝ կոչ անելով, որ մայիսի 17-ին մի շարք համայնքներում հայտարարված հանրաքվեներին մարդիկ մասնակցեն շատ ակտիվ, բայց դեմ քվեարկեն:
Նրա խոսքերով՝ իշխանությունների՝ վերջին 16 տարվա գործունեության հետեւանքով Հայաստանում ինքնակառավարման ինստիտուտը հիմնովին խարխլված է, եթե ոչ՝ ոչնչացված: Ի ինքնակառավարումը Հայաստանում այլեւս կրում է իմիտացիոն բնույթ, եւ այսօր քննարկվող նախագիծը այդ առումով նույնպես հերթական մի իմիտացիա: Փորձում եք համայնքների վրա փաթաթել ինչ-որ պահանջներ եւ նրանց ավելի վերահսկելի դարձնել»: Ըստ նրա, 1990-ականներին հիմնադրվեց տեղական ինքնակառավարման համակարգը` որպես բնակավայրերի զարգացման գլխավոր նախապայման: Եվ այդ բարեփոխումները միտված էին համայնքների կենսագործունեության հարցերում կենտրոնական իշխանությունից համայնքների կախվածությունը թուլացնելուն: Սակայն 2000-ականներից, տեղի ունեցավ պետական քաղաքականության կտրուկ փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստանում սկսվեց տեղական ինքնակառավարման համակարգի վերացման մի գործընթաց, որը հանգեցրել է համայնքների խիստ թուլացմանը: Օրինակ, 2005-ին «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությամբ հանվեց համայնքի ղեկավարի պաշտոնում նույն անձի` 2 ժամկետից ավելին անընդմեջ ընտրվելու իրավունքի սահմանափակումը: Աստիճանաբար ներդրվեց մարզպետարանների կողմից համայնքային իշխանությունների լիազորություններին միջամտելու եւ դրանք յուրացնելու գործելաոճը: Տեղական ինքնակառավարման համակարգում կատարված ավերածությունները կարծես բավարար չհամարելով՝ իշխանություններն այժմ փորձում են իրագործել համայնքների խոշորացման մի նոր` վտանգավոր հայեցակարգ»:
Կարդացեք նաև
Ըստ ՀԱԿ-ի դիրքորոշման, համայնքների խոշորացումը օտարելու է ժողովրդին իշխանությունից, իրականում այն ոչ թե բնակավայրերի զարգացման, այլ դրանք ինքնուրույնությունից զրկելու ծրագիր է, խախտում է բնակավայրերի` սեփական եկամուտները տնօրինելու սկզբունքը եւ խոչընդոտելու է բնակավայրերում ներդրումների իրականացմանը. «Ծրագրի իրագործումն, այդպիսով, նպաստելու է դեպի նոր կենտրոններ բնակչության միգրացիային՝ հանգեցնելով որոշ բնակավայրերի դատարկմանը՝ հատկապես բարձր լեռնային և սահմանամերձ շատ գյուղերում, ինչն արդեն սպառնալիք է ազգային անվտանգությանը»:
Ելույթի վերջում Լեւոն Զուրաբյանը եւս մեկ անգամ աչքալուսանք տվեց Գալուստ Սահակյանին. «Ձեր աչքն էլ, պարոն Գալուստ Սահակյան, եւս մեկ անգամ լույս»:
Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Ես ինքս լուսավոր եմ, բայց հիմնական զեկուցողից պիտի խնդրեմ այդ ամբողջ ժամանակաշրջանը վերականգնի, որովհետեւ դա 96 թիվն էր, երբ սկսեց քանդվել ամբողջ երկիրը: Քաղաքական մոտեցումների եւ պայմանավորվածությունների հետեւանքով ես այդ օրենքին կողմ եմ քվեարկել, որի համար ներողություն եմ խնդրում: Ուստի կխնդրեի հիմնական զեկուցողին այդ մասին խոսել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ