Արցախի պաշտպանության բանակի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելով՝ Ադրբեջանը, ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, երկու նպատակ ունի. «Ցույց տալ, որ մենք ունենք զինծառայողներ, որոնք փորձել են Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործողություններ իրականացնել, և դա հակադրել այն հանցագործներին, որոնք ԼՂՀ Քարվաճառի տարածքում իրականում անօրեն գործունեություն են իրականացրել և անմեղ մարդկանց սպանել: Կարծում եմ՝ այդ ամենին հակադրելու համար է ու նաև արտաքին աշխարհին ուղղված քարոզչության նպատակ ունի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սեյրան Օհանյանը, որը Երևանի պետական բժշկական համալսարանում մասնակցում էր ռազմաբժշկական ֆակուլտետում թանգարանի բացման արարողությանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ