Օրերս Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատի լեփ-լեցուն դահլիճում մեկնարկեց «Հայ վերածնունդ» արվեստի փառատոնը (կազմակերպիչ՝ Վանաձորի «Վերածնունդ» սոցիալական ՀԿ, ղեկավար՝ Վահագն Դավիթավյան): 9-13 եւ 14-ից բարձր տարիքային 2 խմբերում մասնակցում էր 23 պարային խումբ՝ Հանրապետության տարբեր մարզերից եւ Երեւանից՝ ընդհանուր թվով մոտ 45 պարային համարով:
Փառատոնն իր վրա էր բեւեռել մարզային ու քաղաքային հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունների ուշադրությունը: Որպես հատուկ հյուր ներկա էր Վրաստանի պարարվեստի միության նախագահ, Վրաստանի ժողովրդական արտիստ Ռեզո Ճանիշվիլին: Նա խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամությունից պարարվեստի երկուստեք զարգացնելու անհրաժեշտությունից եւ փառատոնի կազմակերպիչ Վահագն Դավիթավյանին շնորհակալագիր ու հուշանվեր հանձնեց: Վ. Դավիթավյանն էլ շնորհակալագիր հանձնեց Ռեզո Ճանիշվիլուն՝ հայ-վրացական հարաբերությունների եւ պարարվեստի գործում ունեցած ավանդի համար:
Լոռու փոխմարզպետ Արթուր Դարբինյանն էլ խոսեց փառատոնի անցկացման ու պարարվեստի զարգացման կարեւորության մասին ու բարի երթ մաղթեց մասնակիցներին:
Ժյուրիի կազմում էին Վանաձորի պարարվեստի դպրոցի տնօրեն Լյովա Դերձյանը, Հ. Աբելյանի անվան դրամատիկական պետթատրոնի փոխտնօրեն, դերասան բեմադրիչ Արամ Մխիթարյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի ամբիոնի դասախոսներ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանն ու Վլադիմիր Շահվերդյանը:
-Մեր գործունեությունը սրանով չի սահմանափակվում, նպատակ ունենք հետագայում արվեստի մյուս ճյուղերին էլ անդրադառնանք, լինել հասարակության կողքին, զարկ տալ մշակութային կյանքի կազմակերպմանն ու մասսայականությանը, որպեսզի այս գործ իրականությանը փոխարինելու գա արվեստի լուսավոր ու հոգեպարար մթնոլորտը,- լրագրողների հետ զրույցում ասաց Վ. Դավիթավյանը:
9-13 տարիքային խմբում I-III մրցանակային տեղեր գրավեցին համապատասխանաբար՝ Հրազդանը ներկայացնող «Մինահար-1» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Արտյոմ Ռաֆայելյան), Քասախի ժողովրդական պարի համույթը (գեղ. ղեկավար՝ Շուշան Ասլանյան), Վանաձորի «Գայաննա» մարզամշակութային կենտրոնի K-Dance պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Գայանե Թադեւոսյան):
Կարդացեք նաև
14-ից բարձր տարիքային խմբում մրցանակային եռյակը կազմեցին համապատասխանաբար՝ Հրազդանը ներկայացնող «Մինահար» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Մանվել Ռաֆայելյան), Լոռու մարզի Շահումյան գյուղի «Վան» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Արթուր Թորոսյան), Արագածոտնի մարզի «Արագած» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Հովհաննես Ջուլհակյան):
Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հարգելի հոդվածագիր, խնդրում եմ շտկել թերությունը. հաղթող խմբերի անուններն են <> և <> :