Այս օրենքը ոչ թե աշխատանքային միգրացիայի մտավախություն է առաջացնում, այլ` կազմակերպությունների միգրացիայի: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` եկամտային հարկի եւ շահութահարկի մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որն այս օրերին քննարկվում է Ազգային ժողովում եւ մեծ աղմուկ է բարձրացրել:
Նախ` պարոն Խաչատրյանը տարօրինակ է համարում, որ երկու` իրար հետ կցված օրենքների վերաբերյալ էլ փորձագիտական եզրակացությունը նույնն է, երկու օրենքներում էլ նույն հիմնավորումն է` առանց թվային հաշվարկների.
«Այդպես չպետք է լինի: Բացի այդ, փորձագիտական հաշվարկներ չկան, թե որքա՞ն կլինեն բյուջեի մուտքերը, որքան` Ռուսաստանի կորուստները եւ այլն: Փորձագիտական կողմը շատ թույլ է»:
Կարդացեք նաև
Պարոն Խաչատրյանը համոզված է, որ այս օրենքը ոչ այլ ինչ է, քան դրսում շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող հայկական ընկերություններին վերահսկողության տակ պահելը:
«Այսօր մեր երկրում գրանցված շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող մոտ 200 ընկերություն կա, սակայն, թե քանի՞սն են դրոսում ծառայություն մատուցում, դրանց թիվը հստակ չկա, այս օրենքով, որպես թիրախ, ընտրվել են այն կազմակերպությունները, որոնք, կոպիտ ասած, ոչ յուրային են»,-ասում է պարոն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է 5 տոկոս շահութահարկին, ապա տնտեսագետը համոզված չէ, որ կառավարությունը արդար ընտրություն կանի եւ կրկին նախապատվությունը չի տա «յուրային» կազմակերպություններին, որոնք պետք է ներդրումային ծրագրեր ներկայացնեն` դրսում աշխատելու համար:
«Այս կազմակերպությունները կներկայացնեն իրենց ծրագրերը, բայց թե դրանք հավանության կարժանանան, թե ոչ` կորոշի կառավարությունը, կրկին սրանք մտնում են կառավարության վերահսկողության տակ: Կառավարությունն էլ հնարավոր է՝ ծրագրերը չհաստատի եւ նրանք որեւէ տենդեր չշահեն, շուկա չունենան, ի՞նչ պետք է անեն, իրերը հավաքեն գնան»:
Պարոն Խաչատրյանը նաեւ կարծում է, որ կառավարությունը ոչ «յուրային» ընկերությունների ծրագրերին տեղեկանալով, կփորձի դրանք յուրային ընկերությունների համար օգտագործել եւ նրանց մերժելով՝ Ռուսաստանի շուկայում նրանց տեղը գրավել:
Մեր հարցին, թե նման պայմաններում հայկական շինկազմակերպությունները չե՞ն նախընտրի ընդհանրապես դուրս գալ Հայաստանի գրանցումից եւ դրսում գործել` ավելորդ գլխացավանքներից ազատվելու համար, պարոն Խաչատրյանն ասաց`
այո, հենց այդպես էլ կլինի. «Սա կազմակերպություններին ուղղված օրենք է, որոնք յուրային չեն: Ոչ մի ռեմոնտչիկ չի գալու այստեղ որպես հարկ վճարող գրանցվի`գնա այնտեղ ռեմոնտ անի, տենց բան տեղի չի ունենալու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ