Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ Ռազմաբժշկական թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Կարծում եմ՝ 2015 թվականը լի է իրադարձություններով, որոնք հիշողությունների խորհուրդ ունեն: Մենք հիշում ենք մեր ամբողջ պատմությունը՝ և´ դառնություններն ու դաժանությունները, և´ հաղթանակները: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կողքին անհրաժեշտություն է տոնել այն հաղթանակները, որոնք ունեցել ենք նախ Հայրենական մեծ պատերազմում և այնուհետև Արցախյան ազատամարտի ժամանակ»,- ողջունելով ներկաներին՝ ասաց Սեյրան Օհանյանը և ապա ընդգծեց այս հաղթանակների մեջ հայ բժիշկների ունեցած ուրույն դերը. «Անկասկած, մեծ է հայ բժիշկների, մանավանդ ռազմական բժիշկների դերը, որոնք կանգնած են եղել մեր զինված ուժերի կազմավորման ակունքներում: Մենք բազմիցս հիշել և կարևորել ենք հայ բժշկի դերը ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև այսօր, երբ նրա ձեռքերում է հայ զինվորի առողջությունը, և կարծում եմ, որ հիշողությունների ամրագրման համար ամենակարևոր միջոցառումներից մեկը թանգարանի ստեղծումն է: Եվ մենք այսօր մեր երախտագիտությունը պետք է հայտնենք այն մարդկանց, որոնք կաթիլ-կաթիլ հավաքելով՝ մի ամբողջ թանգարան են ստեղծել ու նվիրել հանրությանը, մանավանդ ռազմաբժշկական ֆակուլտետում սովորող կուրսանտին, որը, անշուշտ, ոգևորվելու է այն բժիշկների անցած ճանապարհով, որոնք ստեղծել են ռազմաբժշկական վարչությունը»,- ընդգծեց նախարարը:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի դեկան Սամվել Գալստյանի խոսքով՝ Ռազմաբժշկական թանգարանի ստեղծումն իրենց համար եղել է տարիների երազանք. «Միշտ երազել ենք ունենալ այնպիսի մի վայր, որն ինչ-որ չափով կներկայացնի Արցախյան հերոսամարտի զոհվածներին, մասնակից բժիշկներին և այն անձանց, որոնք չեն խնայել իրենց կյանքը, որոնք թողել են իրենց ընտանիքն ու գնացել են հայրենիքը պաշտպանելու: Ես երջանիկ եմ, որ մեր երազանքն այսօր կատարվեց»,- ասաց Սամվել Գալստյանը:
Կարդացեք նաև
«Այսօր մեզ համար շատ կարևոր օր է,- հավելեց Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը,- որովհետև մենք միշտ խոնարհվել, խոնարհվում ու շարունակելու ենք խոնարհվել այն մարդկանց առջև, որոնց շնորհիվ ապրում և ստեղծագործում ենք, որոնց շնորհիվ ազատ ենք ու անկախ»:
Ի դեպ, նախքան Թանգարանի հանդիսավոր բացումը, ՀՀ պաշտպանության նախարարը մեդալներով պարգևատրեց համալսարանի մի շարք աշխատակիցների՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ երկարատև համագործակցության, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի, ինչպես նաև Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 21-րդ տարելիցի և Ռազմաբժշկական թանգարանի բացման առթիվ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ