Վաղարշյան 13 շենքի մոտ, ուր գտնվում է Հատուկ քննչական ծառայությունը, հավաքվել են մարդիկ՝ ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին աջակցելու համար:
Քիչ առաջ ՀՔԾ մտան Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանը: Հավաքվածների մի մասը կարծում է, որ այստեղ կբերվի նաեւ Գոհար Ենոքյանը: Գոհար Ենոքյանի մասին ֆիլմի հեղինակ Վրեժ Սարուխանյանն էլ է այստեղ:
ՀՔԾ-ում հսկողություն իրականացնող ոստիկանները մեկ անգամ դուրս են եկել եւ տեղում գտնվող լրատվամիջոցներին զգուշացրել, որ չի կարելի նկարել, իսկ թե պատճառով՝ չասացին:
Պատգամավորներին չկարողացանք ոչինչ հարցնել, հավանաբար նրանք նախաքննություն իրականացնող մարմնին կներկայացնեն պատգամավորների կողմից միջնորդությունը, որով խնդրում են ժամը 17.40-ին լրանալիք ձերբակալման ժամկետի հետ կապված խափանման միջոց չընտրել կալանքը:
Քիչ առաջ գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ հաշվի առնելով մեղադրյալի տարիքը, նաեւ ԱԺ մի խումբ պատգամավորների միջնորդությունը, Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից, ելնելով ձերբակալվածի տարիքից եւ առողջական վատ վիճակից (հիպերտոնիա) կայացվել է որոշում՝ նրա նկատմամբ ընտրել խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Հենց նոր ՀՔԾ-ից դուրս եկան ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս ասաց, որ ուղեւորվում են Էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման վայր, որտեղից կազատվի Գոհար Ենոքյանը:
Մանրամասները՝ քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ