Մեր ընթերցողները թերեւս հիշում են, որ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, ի հակառակ, տարբեր հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների տրամադրած տեղեկատվության, Գերմանիայի Բունդեսթագում դեռ չի ընդունվել: Բանաձեւի քննարկումը հետաձգվել էր անորոշ ժամանակով:
Երեկ բանաձեւի կապակցությամբ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փոքրիկ քննարկում է տեղի ունեցել: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց գերմանաբնակ մեր հայրենակից, Գերմանիայում Ցեղասպանության 100- ամյակի վերաբերյալ կայքի պատասխանատու, Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Վարուժան Բաբախանը:
Պարոն Բաբախանը մեզ տեղեկացրեց, որ Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի վարչության անդամներից մեկը կապվել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների քարտուղարությանը և տեղեկացել, որ երեք նախագծերը մշակելու համար ընտրվել են պատասխանատու անձինք, որոնց անունները չեն բարձրաձայնվում, եւ հանրությունը հետո էլ չի տեղեկանալու նրանց ինքնության մասին: Բանաձեւերը մշակվելուց հետո պետք է վերադառնան Բունդեսթագում ներկայացված կուսակցությունների ֆրակցիաներին, խմբագրվեն, մշակվեն, կրկին վերադառնան արտաքին հարաբերությունների հանձնախումբ, որտեղ էլ կպատրաստվի վերջնական եւ միակ բանաձևը և հանձնախմբի վերջնական խորհրդով երաշխավորությամբ կվերադարձվի Բունդեսթագ։ Սակայն որեւէ ժամկետ, թե երբ հարցը վերջնականապես կվերադառնա Բունդեսթագ՝ չի նշվում:
Պարոն Բաբախանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը խնդրում է քաղաքացիներից՝ նամակով դիմելԿոալիցիայի ֆրակցիաներին, Կանաչների և Ձախերի ֆրակցիաններին՝ խնդրելով գործի ընթացքը արագացնել։
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ