Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարաբեկյան. «Բոլոնյան բարեփոխումները չեն հասել լսարան»

Մայիս 07,2015 17:11

«2005-ից ընթացող բոլոնյան ռեֆորմների ազդեցությունը ՀՀ բարձրագույն կրթության զարգացման վրա» թեմայով քննարկմանը այսօր «Մեդիա կենտրոնում» ոլորտի փորձագետները մտահոգություն հայտնեցին, թե բարեփոխումները չեն հասել լսարան:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այս առիթով առանձնացրեց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի հարցը. « Վստահ չեմ, որ այս ոլորտում ՀՀ-ում մենք մեծ առաջընթաց ունենք: Լսարան են մտնում դասախոսներ, որոնց հանձնարարած գրականությունը 60-70-ականների է: Շատ վատ է այս իմաստով կազմակերպված պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումը»: Տիկին Խառատյանի կարծիքով` մինչ բոլոնյան համակարգն ունեցած հմտությունները կորցրել ենք, բայց դեռ նորերը բավարար չեն թափանցել կրթական դաշտ:

Փորձագետ Սամվել Կարաբեկյանը նկատեց. «Բոլոր բարեփոխումները կամ վերաձևումները, որոնք բոլոնյան գործընթացի շրջանակներում տեղի ունեցան, այս կամ այն պատճառով չեն հասել լսարան: Իրական բարեփոխումները ընդամենը պետք է նպաստեն, որ լսարանում տեղի ունեցած կրթական բուն գործընթացը վերափոխվի: Խնդիրն այս պահին բուհերում է` բուհական կառավարման մեխանիզմներ մեջ: Խոսում ենք բուհերի ինքնավարության մասին, երբ նախարարության որոշ գործընկերների հետ քննարկում ես, նշում են, թե բուհերը ինքնավար են, բայց իրականում այդ ինքնավարությունը տարածվում է միայն վարչակազմին, քանի որ բուհերի ներսում իրական ինքնավարություն չկա, հետևաբար չկա մասնակցային կառավարման համակարգ, հետևաբար չի կարող այդ գործընթացը հասնել լսարան»:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս Արևիկ Անափիոսյանը նշեց. «Ամբողջ բոլոնյան ռեֆորմի ժամանակահատվածում դասախոսները մարգինալացված են եղել: Սկսել են վերևից վերապատրաստումներ անել, բայց անգամ չհասկանալով` արդյոք այդ վերապատրաստումներն իրոք պե՞տք են դասախոսներին: Եթե կարողանանք մեր դասախոսներին տալ այն գործիքակազմը, որով նրանք կարողանան ակտիվ ուսուցում ապահովել, եթե դասախոսը նման մեթոդաբանությամբ դասավանդի, կամա-ակամա պիտի դիմի այնպիսի նյութերի, որոնք թույլ տան նման բովանդակության նյութ փոխանցել լսարանին»:

Ուսանող, Հայկական ուսանողական ասոցիացիայի ներկայացուցիչ Էրիկ Վարդանյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսանողներն էլ են ցանկանում մեթոդաբանության փոփոխություն, որ բուհերը հնարավորություն չեն տալիս ինքնակրթությամբ զբաղվելու: Նա նաև տեղեկացրեց, թե իրենց ուսումնասիրությունները 2000 ուսանողների շրջանում ցույց են տալիս, որ նրանց մեծամասնությունը չգիտի, թե ինչ է բոլոնյան համակարգը:

Դառնալով բարեփոխումների արդյունքին` տիկին Խառատյանը նշեց, թե կրթական ռեֆորմը չի կարող արագ արդյունք տալ և արագ ներդրվել, քանի որ կապ ունի մարդկային ռեսուրսների հետ:Միևնույն ժամանակ Հրանուշ Խառատյանը նշեց, թե վստահ չէ, որ Բոլոնյան համակարգը փոխելու է մեր գիտելիքի մակարդակը, կարող է որոշ չափով ազդել գիտելիքի բովանդակության վրա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031