Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի` Շուշիի ազատագրումից անտեղյակ լինելու մասին

Մայիս 07,2015 17:09

«Չէր կարող մի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը դեմ լինել Շուշիի ազատագրմանը»,-Aravot.am-ի հարցին՝ պատմական փաստեր կա՞ն այն մասին, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից, ավելին, չի էլ ցանկացել, մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Նշենք, որ փաստերը վկայում են, որ երբ ազատագրվել է Շուշին, երկրի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվել է Իրանում: Երբ այնտեղ ՀՀ առաջին նախագահին հարցրել են` գիտե՞ք, որ Շուշին ազատագրվել է, Տեր-Պետրոսյանը պատասխանել է` ոչ»:

Սասուն Միքայելյանը հավաստիացնում է, որ փաստերն աղավաղված են ներկայացվում: Մեր հարցին` այդ դեպքում ինչո՞ւ պետք է նման պատմություններ տարածվեին, ինչ -որ այլ միջադե՞պ է եղել, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Այն ժամանակ երկրի նախագահը չէր կարող բացահայտ հայտարարել, թե պետք է ազատագրենք Շուշին կամ Խոջալուն: Այն ժամանակ ՀՀ-ն իբր չէր պատերազմում Ադրբեջանի հետ, ԼՂ- ում էր պատերազմ, ԼՂ-ն էր պատերազմում: Բնականաբար, նա բացահայտ չպետք է հայտարարեր դա, քանի որ միջազգային օղակներում մեծ խնդիրներ կունենար: Իսկ դա վերածել են, թե Տեր-Պետրոսյանը չէր ուզում, որ Շուշին ազատագրեն»:

Սասուն Միքայելյանն իր խոսքում ակնարկեց Կոմանդոսին, մանավանդ, որ նա էլ էր ժամանակին նման հայտարարություն արել: Հստակեցրինք` նկատի ունի Արկադի Տեր-Թադևոսյանի՞ն, պարոն Միքայելյանն արձագանքեց. «Կոմանդոսին միշտ եմ նկատի ունեցել: Այն ժամանակ Կոմանդոսն այնքան հարգանք ուներ, որ Ղարաբաղում ինչ տղա երեխա էին ունենում, անունը Արկադիկ էին դնում: Հիմա մեկ- մեկ այնպիսի պրագրամա են տալիս, նենց ա խոսում, որ մարդ զարմանում է: Հենց այդ արժեքներն են այս իշխանությունները ջնջում ու փոշիացնում, որ քաղաքացին արժեք չտեսնի, չտեսնի, թե պատերազմը ոնց եղավ, ոնց հաղթեցին»:

Սասուն Միքայելյանը մտահոգված է, որ մեր կողքի քայլող լեգենդներին չենք ճանաչում, չգիտենք իրական հերոսներին: Նա հիշեց Ծաղկաձորում հանգչող «Կայծակ Անդրեասին»` Զորավար Անդրանիկի սուրհանդակին, որը Ծաղկաձորի անտառներում նամակ տանելուց վիրավորվել, մոլորվել ու գժվել է: Սասուն Միքայելյանը մտահոգված է, որ մեզանում «գնա մեռի, արի սիրեմ» հոգեբանությունն է»:

Նա նեղսրտեց, թե վաղը զենք վերցնող չենք ունենալու, քանի որ մատաղ սերունդը տեսնում է` ինչ է կատարվում ու մտածում, «ես գնամ կռվեմ, որ հետո բաշիբոզուկները հարստանա՞ն»: Սասուն Միքայելյանի կարծիքով` մեր արժեքը ազատագրված տարածքներն են, որոնք պետք է վերաբնակեցնենք:

Այս համատեքստում նա հիշեցրեց «Խոպանչիների օրենքի մասին». «Հիմա էլ արտագաղթողները պետք է հարկ մուծեն, կամ որ այնտեղից գումարը ուղարկեն, գանձումներ են լինելու: Ստացվում է` իրենք կարող են լափել, ուտել, իրենք ամեն ինչ կարող են, այդ ամենը պետք է ժողովրդից դուրս գա: Մնում է ժողովրդի արյունը ծծեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031