Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ Քաշաթաղի հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են արիության դասեր, որոնք անցկացվում են ազատամարտիկների, զինկոմիսարիատի աշխատակիցների մասնակցությամբ:
Մայիսի 7-ին Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում 9-12-րդ դասարանների աշակերտների հետ հանդիպեցին՝ տողերիս հեղինակը, «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղի տնօրեն, Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի(ԲԻԽ) անդամ, Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Վիլեն Սիմոնյանը և շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցներ՝ զինկոմի տեղակալ, կապիտան Ստեփան Օհանջանյանը, զորակոչային բաժնի պետ, կապիտան Կամո Ալավերդյանը և սպաների հաշվառման գծով սպա, ավագ-լեյտենանտ Հովհաննես Բայաթյանը:
Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի աշխատակից Սիրվարդ Թամազյանը ներկայացնելով մասնակիցներին՝ կարևորեց նման հանդիպումները դպրոցում, մաղթեց, որ խաղաղությունը տիրի մեր երկրին: Մայիսյան հաղթանակները մեր ժողովրդի համար եղել են ինքնության պահպանման գրավականներ, և կարևորելով Մեծ Հայրենականում մեր պապերի կերտած հաղթանակը, Արցախյան գոյամարտում Շուշիի, այնուհետև Բերդաձորի ու Լաչին-Բերձորի ազատագրումը 1992 թվականին՝ աշակերտներին ներկայացրեցի հատկապես Բերդաձորի դերը Արցախ-Մայր հայրենիք միացման գործում: Ներկայացրեցի Բերդաձորի հերոսական պաշտպանության խնդիրը 1989-91 թվականներին, ԲԻԽ-ի անդամների հերոսական մաքառումները, խորհրդի փոխնախագահ Առնո Մկրտչյանի նահատակությունը:
Այս տարածքը 1 տարի մնաց թուրքի գերության մեջ՝ տխրահռչակ «Օղակ-Կոլցո» գործողությունների ժամանակ: Ձերբակալվեցին բոլոր տղամարդիկ, մնացած բնակչությանը, ինչպես նաև Հադրութի շրջանի մի շարք բնակավայրերի տերերին բռնի դուրս հանեցին սովետա-ադրբեջանական միացյալ ուժերը(խորհրդային բանակ և ադրբեջանական օմօն):
Այս իրադարձություններին անդրադարձավ նաև Վիլեն Սիմոնյանը՝ ներկայացնելով մանրամասներ: Խոսեց Առնո Մկրտչյանի, եղծահողցի Հրաչ Պետրոսյանի մասին, ովքեր այդ օրերին ձերբակալվեցին և տանջամահ եղան Բաքվի բանտերում: Պատմեց Քաշաթաղի շրջանի ազատագրական մարտերի մասին, որին մասնակից էր նաև Բերդաձորի արդեն կազմավորված գումարտակը:
Դպրոցի պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս էինք զենք հայթայթում, ովքե՞ր էին դիրքերում հսկում և այլն: 12-րդ դասարանի աշակերտուհի Աելիտա Բաբայանին հուզողը մեր մարտիկների վերաբերմունքն էր գերիների հանդեպ՝ հավելելով, որ թշնամին դաժան է վարվել հայ գերիների հետ:
Աշակերտուհիներից Հռիփսիմե Մաթևոսյանին հետաքրքրեց՝ ի՞նչ զգացումներ են ունենում ազատամարտիկներն այսօր, երբ քայլում են իրենց ազատագրած Բերձորում: Տղաներից մեկի հարցն էր՝ թույլատրվու՞մ էր, որ անչափահաս տղաները կամավոր մասնակցեին պատերազմին: Այս հարցին պատասխանեց Վ. Սիմոնյանը՝ ասելով որ բերդաձորցի և առհասարակ արցախցի շատ պատանիներ են պաշտպանել իրենց տունը, կան մարտիրոսվածներ:
Իմ կողմից հավելեցի, որ 1993 թ. այս օրերին Քաշաթաղի տարածքի հարավային մասում դեռ թշնամին էր տեր, և ճակատային գծում՝ այսպես կոչված «Կոբրայի դիրքեր»-ում, անձրևաջրով լեցուն խրամատներում 10-ից ավելի պատանիներ էին հսկում Էջմիածնի շրջանի Ակնալիճ գյուղի(հրամանատար՝ Գառնիկ Գառնիկյան-մարտիրոսվեց 1994թ.) «Արծիվ-19» ջոկատի կազմում:
Քաշաթաղի զինկոմիսարի տեղակալ, կապիտան Ստեփան Օհանջանյանը կարևորեց այն, որ հատկապես տղաները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն, քանի որ ժամանակին բանակ են զորակոչվելու, սահման են պաշտպանելու:
Հավելելով, որ երիտասարդները հիմնականում բանակում են ձևավորվում որպես տղամարդ՝ աշակերտներին հորդորեց լավ սովորել Ռազմագիտություն առարկան, ազգի համար դառնան պիտանի զավակ:
Հանդիպման վերջում Աելիտա Բաբայանը շնորհակալություն հայտնեց ազատամարտիկներին՝ Արցախյան գոյամարտին մասնակցելու և մեր պատմական հայրենիքը ազատագրելու համար, որտեղ ինքն ու իր ընկերները դպրոց են հաճախում, նաև հույս հայտնեց, որ մեր պատանիները կնմանվեն ազատամարտիկներին: Արիության դասին ներկա էին դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, ՄԿԱԳ փոխտնօրեն Վարդուհի Հովհաննիսյանը, ում Տիգրան որդին այս պահին մարտական հենակետում է, զինղեկ Սամվել Պապիկյանը: Հրաժեշտ տվեցինք մեր ամենախելացի ու համեստ աշակերտներին՝ մաղթելով, որ երբեք պատերազմ չտեսնեն:
Զոհրաբ Ըռքոյան
ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահ