Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորներն ապշել են՝ եթե ՀՀ-ում 70 հազար օտարերկրացի է աշխատում, ինչո՞ւ են մերոնք խոպան գնում

Մայիս 07,2015 16:33

Այս պահին ԱԺ-ում շարունակվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում եւ Պետտուրքի մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը: Նախագծով կառավարությունը փորձում է կարգավորել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության հետ կապված խնդիրները:

Ինչպես ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը, գործող օրենքով, որն ընդունվել է 2006-ին, օտարերկրացիները Հայաստանում կարող են աշխատել նաեւ առանց աշխատանքի թույլտվության: Հիմա առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների համար տուգանքներ են նախատեսվում: Գործատուները պարտավոր են օտարերկրացիների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը ներկայացնել լիազոր մարմին՝ հաշվառելու համար: Յուրաքանչյուր օտարերկրացի աշխատողի համար գործատուն պետք է մուծի պետտուրք՝ բազային տուրքի 25-ապատիկի չափով:

Փոխնախարարը թիվ հրապարակեց, որ ՀՀ-ում, վերջին տվյալներով, աշխատում է 70 հազար օտարերկրացի, ինչը զարմանքի տեղիք տվեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: Նա ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին հարցրեց, «Հնարավո՞ր է, որ նրանք ավելի էժան վարձատրվեն, քան ՀՀ քաղաքացին: Մենք այդ խնդիրը չունենք, նրանք հաստատ ավելի էժան վարձատրվող չեն: Ես զարմացած եմ այդ թվից: Եթե 70 հազար օտարերկրացի է աշխատում, հազարավոր մարդիկ ամեն տարի ինչի՞ են խոպան գնում»:

Հակոբ Հակոբյանն ասաց, որ մի զարմացեք, դրանց հիմնական մասը հայեր են, որոնք ունեն ՌԴ-ի, Վրաստանի քաղաքացիություն:

Հովհաննես Մարգարյանը  չէր հավատում՝ մարդիկ քաղաքացիություն են ձեռք բերում, որ կարողանան անարգել գնան ՌԴ աշխատեն, խոպան գնան, ՌԴ քաղաքացիություն են ձեռք բերում, որ գան ՀՀ-ո՞ւմ էլի աշխատեն:

Հակոբ Հակոբյանը ծիծաղեց. «Մի՛ զարմացեք»:

Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նույնպես անհավանական համարեց այդ թիվը, որ 70 հազար օտարերկրացի է աշխատում ՀՀ-ում: Նա դեմ էր այս նախագծին. «Մենք ասում ենք, որ մեր երկրում պիտի խթանենք ներդրումները, լիցենզիաները պակասեցնենք, ազատականացնենք տնտեսությունը, բայց այսօր բերում ենք օրենք՝ ասում ենք՝ լիցենզիա պիտի ստանաս: Ինչի՞, որ մարդն եկել է Հայաստան աշխատելո՞ւ: Մենք պիտի ուրախանանք, որ մարդն եկել է ՀՀ աշխատելու: Մենք հո Անգլիան կամ Ֆրանսիան չե՞նք, որ շուկան պաշտպանում են: Բա եթե ներդրում է գալիս, ներդրումների հետ աշխատող էլ պիտի գա: Ես չեմ կարողանում ընկալել, թե կառավարությունն ինչ է ուզում»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, կառավարությունը շիլաշփոթ է ստեղծել հարկային համակարգում. «Հարկային դաշտը լրիվ վարի է գնացել: Մեկը ինձ հարցնում է՝ ՀՀ-ում շահութահարկն ինչքան է, ես չգիտեմ: Ոչ ոք չգիտի, որովհետեւ Պողոսի համար այսքան է, Պետրոսի համար՝ այսքան, Սիրանույշի համար՝ այսքան: Այդպիսի բան չպիտի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031