Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը այդ երկրի բնապահպաններին կոչ է արել միասին երթ անցկացնել Հայաստանում գտնվող «Մեծամորի» ատոմակայանի դեմ, որի կյանքը երկարացվել էր 10 տարով:
«Hurriyet»-ի փոխանցմամբ՝ նախարարը Թուրքիայում կայացած համաժողովին իր ելույթում ասել է, թե եթե բնապահպանները «անկեղծ» են երկրի ներսում իրականացվող ծրագրերի շուրջ, նրանք պետք է նաեւ նույն կերպ վերաբերվեն «Մեծամորի» ատոմակայանին, որը 16 կիլոմետր է հեռու Թուրքիայի հետ սահմանից:
«Ես չեմ հասկանում՝ ինչու բնապահպանները չեն ցուցաբերում նույն զգայունությունը «Մեծամորի» ատոմակայանի նկատմամբ, ինչպես, օրինակ, Թաքսիմ հրապարակի որոշ ծառերի համար արեցին: Եկեք միասին բնապահպանական երթ անցկացնենք ատոմակայանի դեմ»,- ասել է Թաներ Յըլդըզը:
Հայաստանը ատոմակայանի կյանքը 2013 թվականին երկարացրել էր մինչեւ 2026 թվականը: Երկարացումից առաջ ծրագրված էր, որ ատոմակայանը կփակվի 2016 թվականին:
Կարդացեք նաև
Թաներ Յըլդըզը նաեւ հավելել է, թե ատոմակայանը չի կարող իրենց այդքան մոտ աշխատել միայն էներգիայի կարիքները ապահովելու համար. «Մենք անհրաժեշտ նախաձեռնություններ ենք կատարել խնդրի շուրջ, բայց Հայաստանի պաշտպանությունը սա է. «Եթե այս ատոմակայանը կանգնի, մենք էլեկտրաէներգիա չենք ունենա»: Մենք կարծում ենք, որ այլ լուծում կա»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ