Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների համար պետտուրք է սահմանվել. Բագրատյանը զարմացած է՝ Բրիտանիա՞ ենք, թե՞ Գերմանիա

Մայիս 07,2015 16:10

Այսօր ԱԺ արտահերթ նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը (լուսանկարում) ներկայացրեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում եւ «Պետտուրքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով կառավարությունը փորձում է կարգավորել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության հետ կապված խնդիրները:

Փոխնախարարն ասաց, որ գործող օրենքով, որն ընդունվել է 2006-ին, օտարերկրացիները Հայաստանում կարող են աշխատել նաեւ առանց աշխատանքի թույլտվության: Հիմա առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների համար տուգանքներ են նախատեսվում: Գործատուները պարտավոր են օտարերկրացիների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը ներկայացնել լիազոր մարմին՝ հաշվառելու համար: Յուրաքանչյուր օտարերկրացի աշխատողի համար գործատուն պետք է մուծի պետտուրք՝ բազային տուրքի 25-ապատիկի չափով:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը փոխնախարարին հիշեցրեց, որ կառավարության ծրագրում, ՀՀԿ-ի ծրագրում ամրագրված է եղել ոչ տարիֆային մեթոդների կարգավորման թուլացման մասին. «Կառավարությունը մի անգամ չի, որ խոսք է տվել, որ լիցենզիոն գործունեության տեսակները կպակասեցնի: Հիմա մենք ի՞նչ նպատակ ենք հետապնդում: Հայաստանը դարձել է այսօր Գերմանիա՞, թե՞ Բրիտանիա, որ աշխատանքի հետ կապված իրենք վերահսկում են: Մենք դեֆիցիտային աշխատաշուկա ունեցող երկիր ենք, մեր մոտից գնում են, մենք ուզում ենք գան, աշխատեն: Ինչի՞ ենք այս համակարգը մտցնում՝ թույլտվություն, տուրք, ինչի՞ համար: Մենք մի հատ էլ լիցենզիոն գործողության մի տեսակ ենք մոգոնում»:

Հրանտ Բագրատյանը պատմեց, որ ՀՀ պատմության մեջ եղել է ժամանակ, երբ 930 լիցենզիոն տեսակները կրճատվել են, դարձել են 30 եւ հանրապետությունը սկսել է շնչել. «Հիմա ինչի՞ եք սա անում, ինչի՞ համար, փող…ի՞նչ: Ինչպե՞ս եք սա համադրում նախկինում տված խոստումների հետ»:

Փոխնախարարը պատասխանեց, որ լիցենզավորման գործունեության հետ չպետք է նույնացնել աշխատանքի թույլտվությունը: Նա ասաց, որ աշխատաշուկայում խնդիրներ կան, փորձում են ժամանակավոր կարգավորումներ մտցնել:

Հովհաննես Մարգարյանի համար այս նախագիծը մտահոգիչ է: Նա հետաքրքրվեց՝ քանի՞ օտարերկրացի է այսօր աշխատում ՀՀ-ում: Փոխնախարարը պատասխանեց, որ վերջին տվյալներով՝ մոտ 70 հազար է:

Հովհաննես Մարգարյանը զարմացավ. «Վա՛հ, եթե 70 հազար օտարերկրացի է աշխատում…ես չեմ հավատում: Տասնյակ հազարավոր մարդիկ ամեն տարի խոպան են գնում: Եթե աշխատատեղեր կան՝ տանք մեր քաղաքացիներին, որ չգնան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031