Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամաբերդցիները սնանկանում են ռուսական 102-րդ ռազմաբազայի պատճառով (Տեսանյութ)

Մայիս 07,2015 16:05

Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի բնակիչները Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեցին, թե անասնապահությունը իրենց գյուղում ոչ մի կերպ չի կարող զարգանալ ռուսական 102-րդ ռազմաբազայի պատճառով: Բանն այն է, որ կառավարությունն այս գյուղի արոտավայրերը 49 տարի ժամկետով անվարձահատույց օգտագործման է հանձնել 102-րդ ռազմաբազային, որը զորավարժություններ է անցկացնում այստեղ:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ գյուղի արոտավայրում, որը, հատկացված է ռուսական զորքերի տանկային հրաձգարանին, տեղում անփութորեն շպրտված պայթուցիկ զինամթերքից զոհվեցին գյուղի երկու երեխաները` 10-ամյա Արթուր Մկրտչյանն ու 15-ամյա Մուշեղ Գևորգյանը: Արթուր Մկրտչյանն իր ընկերոջ` Մուշեղի հետ գնացել էր արոտավայր` իր հովիվ հորը հաց տանելու:

_7188 7195

Գյուղի ավագանին մի քանի անգամ նամակ է հղել ՀՀ կառավարությանը՝ ռուսական ռազմաբազան իրենց գյուղից տեղահանելու ու արոտավայրերը գյուղին վերադարձնելու պահանջով, սակայն գյուղացիների ներկայացմամբ՝ ռուսի դեմ խաղ չկա, ՀՀ կառավարությունը ռիսկ չի անում այս հարցը բարձրացնի: «Անասուն պահում ենք, բայց շատ քիչ քանակությամբ, որտե՞ղ պահենք, տեղ չկա, իսկ մեր գյուղի տղամարդիկ աշխատանք չունենալու պատճառով ուլիցներ են ընկնում՝ Էլ Իրկուտսկ, էլ Վլադիվոստոկ, էլ Յակուտիա, ուր ասես գնում են մի թիքա հացի հետեւից…Մեկ-մեկ էլ զորավարժությունների ժամանակ ռուսները վնասում են գյուղացիների ցանքատարածությունները, բայց վրեքը չես հաստատի», -նեղվեց գյուղի տարեց տղամարդկանցից մեկը:

Aravot.am-ը Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե քանի՞ հեկտար արոտավայր է տրամադրված ռուսական ռազմաբազային, եւ եթե դրանք օգտագործվեին գյուղատնտեսական նպատակներով, մի՞թե արտագաղթ չէր լինի գյուղից: Նաեւ հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է անվտանգ ապրելը այս գյուղում, երբ մի կողմից զորավարժություններ են, մյուս կողմից մարդիկ են անցուդարձ անում, անասուններին արածացնելու տանում:

«Ասեմ՝ մենք այս պահին ամբողջ գյուղով ունենք ընդամենը 63 հեկտար հողատարածություն արոտավայր, սակայն մեր գյուղի տարածքից 247 հեկտար տրված է ռուսական բազային, սա եղել է 54 թվականից: Նախկինում այդ տարածքում ռազմական գործողություններ կատարվում էին շատ քիչ, երեւի շաբաթական մեկ կամ երկու անգամ կամ ամիսը մեկ-երկու անգամ: Իսկ այսօր ամեն օր այնտեղ ռազմական գործողություններ են կատարվում, եւ էսօր էդ տարածքը մենք օգտագործում ենք շաբաթ-կիրակի, էն էլ շատ մեծ դժվարությամբ, որովհետեւ էնտեղ շատ վտանգավոր է, որովհետեւ կրակում են տարբեր տրամաչափի զենքերից, տարբեր տրամաչափի նռնակներ են օգտագործվում: Չգիտեմ, հազար ու մի բաներ, որոնք հնարավոր է իրենց նշանակետին հասած չլինեն, պայթած չլինեն , զոհեր էլ ունեցանք, միշտ վտանգը կա: Սակայն փորձում ենք ինչ-որ կերպ էդ տարածքը օգտագործել որպես արոտավայր, որովհետեւ երկրորդ տարբերակը մենք բացարձակապես չունենք: 1000 գլուխ մանր եւ 500 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ մեր ունեցած տարածքում մեկ օր անգամ անհնար է կերակրել»:

Ըստ գյուղապետի, իրենք երկու անգամ դիմել են կառավարությանը, սակայն դեռ պատասխան չի եկել: Գյուղապետն ասաց, որ եթե արոտավայրերը իրենց հանձնեին, միեւնույնն է՝ անասնապահությունը չէր դառնա գյուղի գերակա ճյուղերից մեկը, քանի որ լավագույն տարիներին անգամ այդպես չի եղել. անձրեւներն այնքան շատ են, որ մեկ-երկու ամիս են անասուններին արածացրել, մնացած ժամանակ կերակրել են գոմերում:

Գյուղապետն ասաց, որ ինքը ռուսների կողմից ցանքատարածություններ վնասելու մասին բողոքներ չի լսել: Նա նաեւ ասաց, որ ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը զոհված երեխաների ընտանիքներին իր միջոցով հատկացրել է 630 հազար դրամ եւ մեկ «կամազ» հագուստ, սնունդ, լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, մի խոսքով՝ 3-4 հազար դոլար ապրանք, թեեւ զոհված երեխաների մայրը, ըստ գյուղապետի հայտարարում է, թե օգնություն չի եղել, որը, ըստ նրա, աբսուրդ է:

Մեր հարցին, թե ռուսները այս դեպքից հետո հետեւողակա՞ն են, որ զորավարժություններից հետո հետքեր չթողնեն, գյուղապետն ասաց, թե զինամթերքն այնպիսի բան է, որ հնարավոր է իր նշանակետին չհասնի ու պայթի, ընկնի դաշտում: Ըստ գյուղապետի, դրա համար ժամկետ է պետք, ասենք մեկ շաբաթ, որ ռազմաբազայի աշխատակիցները գան ու արդեն պայթած նռնակները հավաքեն:

Գյուղապետն ասաց, որ երբեմն ինքն է խնդրում, որ թույլատրեն անասուններին տանելու այնտեղ ՝ նշելով, որ եթե չթողնեն, ապա ստիպված գյուղը պիտի տեղահանվի, քանի որ 2000 բնակիչ ունեցող համայնքը սովի կմատնվի: «Վարելահող ու 102 հեկտար տնամերձ հողամաս ունեցող գյուղը սրանով բացարձակ հնարավոր չէ, որ ապրի, մոտավորապես 30 տոկոսն է անասուն պահում մեր գյուղում, եթե էդ ընտանիքիներն էլ անասուններից զրկվեն, դա սխալ է, չգիտեմ ինչ կլինի», -ասում է գյուղապետը:

Մանրամասները տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031