«Շուշիի ազատագրումը բեկում մտցրեց ռազմի դաշտում: Դրանից հետո մեր հակառակորդն ընկավ խուճապի մեջ»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը որոշ մանրամասներ պատմեց Շուշիի ազատագրման գործողությունից: Նա նշեց, թե Շուշիի ազատագրումն իր հպարտությունն է, իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը. «Չնայած հակառակորդի ուժեղ դիմադրությանը, մենք կարողացանք ազատագրել ռազմավարական կարևորություն ունեցող Շուշիի բարձունքը, թեև Շուշիի ազատագրումն անհնարին էր թվում»:
Սասուն Միքայելյանը փաստեց, թե Շուշին դարեր ի վեր չէր ազատագրվել. նույնիսկ Անդրանիկ զորավարը պաշարել էր այն և չէր կարողացել ազատագրել: Ուստի ըստ նրա` զորավարի առջև էլ պարտք ունեին:
Սասուն Միքայելյանը նշեց, որ Շուշիի ազատագրման շուրջ 6 ժամանոց ռազմական գործողություններից հետո մենք ունեցել ենք 9 վիրավոր և մեկ զոհ. «Մարտական գործողությունների ընթացքում ես վիրավորվել էի ոտքից: Սկզբում մտածեցի, որ զրկվել եմ աջ ոտքիցս, բայց հետո արդեն, երբ զինակիցներս ուսերիցս բարձրացրեցին, հասկացա, որ, բարեբախտաբար, չեմ զրկվել: Սուրեն Սարգսյանը, Ռուբիկ Գալստյանը և մեր մյուս մարտական ընկերներն ամեն ինչ արեցին, որ ազատագրենք Շուշին, քանի որ բարձր դիրքերով քաղաքի ազատագրումը ռազմավարական մեծ նշանակություն ունի»:
Հարցին` հնարավո՞ր է իրավիճակն այնպես դասավորվի, որ Ադրբեջանը ետ պահանջի Շուշին, պարոն Միքայելյանը կտրուկ արձագանքեց. «Չեմ էլ պատկերացնում Շուշին ետ վերցնելը. Շուշին ետ վերցնել, դա կնշանակի՝ Ղարաբաղը հանձնել, նման բան չի կարող լինել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ