Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Զուրաբյանին. «Մենք բոլորս մեղավոր ենք, թող քար նետի մեր վրա նա, ով մեղք չի գործել»

Մայիս 07,2015 15:42

Երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում քննարկվեց այսպես ասած «խոպանչիների մասին» օրինագիծը՝ Եկամտահարկի մասին եւ Շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց ոչ թե «Եկամտահարկի» մասին օրենքի փոփոխությունների, այլ՝ «Շահութահարկի» մասին:

Հիշեցնենք, որ կառավարությունը «Շահութահարկի մասին» օրենքի նոր փոփոխությամբ նախատեսում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման եւ այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոս:

Լեւոն Զուրաբյանը դիմեց կառավարությանը. «Երկու ամիս առաջ դուք բերել էիք այստեղ Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, ըստ որի, բոլոր այն ընկերությունները, որոնք ՀՀ-ում արտադրված ապրանքները արտահանում են 40 մլրդ-ի ծավալով, շահութահարկը 20 տոկոսից իջնում է 2 տոկոս: Այն ժամանակ ձեր միակ հիմնավորումն այն էր, որ մենք ուզում ենք խթանել տեղական արտադրությունը, տեղական արտահանումը: Էլի մենք չէինք ընդունում, բայց գոնե կար արդարացում: Հիմա ի՞նչ է եղել, կոնցեպցիան երկու ամսվա մեջ փոխվե՞լ է: Դուք էքսպերիմենտնե՞ր եք անում ժողովրդի վրա: 2 ամիս առաջ օրենք եք բերում, հետո պարզվում է, որ այն մարդիկ, որոնք պետք է 40 մլրդ-ի ծավալը հավաքեին, չեն կարողանում հավաքել, պետք է իրենց օգնել, որ հավաքեն: Սա երկքայլանի կոմբինացիա՞ էր միգուցե: Ի սկզբանե ունեցել եք սա, բայց հասարակական կարծիքը խաբելու, դիմադրությունը չեզոքացնելու համար սա սկզբում ներկայացրել եք որպես տեղական արտահանմանը նպաստող օրենք, որ հետո սա աննկատ անցնի հասարակության համար: Բայց մենք նկատել ենք: Իշխանությունները կոնցեպցիա՞ չունեն, թե՞ ժողովրդի վրա էքսպերիմենտներ են ուզում անել»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, այդ «ռեէքսպորտը» վատ է, որովհետեւ դա բոլորի համար չեն անում. «Դուք այդ հնարավորությունը բացում եք 1-2 օլիգարխների համար, ում հետ դուք նախապես պայմանավորվել եք: Ուրիշ տարբերակ հնարավոր չէ: Երբ ասում եք, որ կառավարությունը պետք է ծրագրին հավանություն տա, դրանով չարաշահումներ չեն լինի, թույլ տվեք դրան չհավատալ: Անգամ եթե մի րոպե պատկերացնենք, որ այս իշխանությունները կազմված են հրեշտակներից, դեմոկրատական աշխարհում միշտ ենթադրվում է, որ կառավարությունը կարող է գնալ չարաշահումների: Օրենքները այնպես են ստեղծվում, որ պետք է բացառել չարաշահումները: Իսկ դուք օլիգարխ տնտեսության սերտաճման օրինականացման օրինագիծ եք բերել»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ եթե նույնիսկ օրենքն ընդունվի, իրենք ամեն ինչ անելու են, որ կառավարության կողմից չարաշահումները բացահայտվեն:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց Լեւոն Զուրաբյանի՝ հրեշտակների կառավարություն արտահայտությանը՝ ասելով. «Երկրի վրա հրեշտակներ չկան, այս դահլիճում՝ եւս: Մենք բոլորս մեղավոր ենք: Բայց թող քար նետի մեր վրա նա, ով մեղք չի գործել»:

Իսկ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ ոչ փորձարկումներ են անում ժողովրդի վրա, ոչ էլ կոնցեպցիան են փոխել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031