Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից սադրանքների փորձեր չկան:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Երևանի պետական բժշկական համալսարանում մասնակցում էր ռազմաբժշկական ֆակուլտետում թանգարանի բացման արարողությանը:
Սահմանին տիրող հանգստությունը նախարարը պայմանավորում է երկու հանգամանքով. «Առաջինն Ադրբեջանի ներկայիս քաղաքական վիճակն է, իսկ երկրորդն այն է, որ մեր հարևանները երևի հասկացել են, որ պետք չէ նման կերպ գործել, պետք է մտածենք գոյություն ունեցող հակամարտության խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին: Եթե հասկանան, ուրեմն՝ փառք իրենց, եթե չհասկանան, մենք միշտ պատրաստ ենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ