Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդա 2»-ի գործով ԱԱԾ նախկին աշխատակիցը հրաժարվեց ցուցմունք տալ

Մայիս 07,2015 14:45

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվեց «Բանդա 2»-ի գործով դատական քննությունը, ամբաստանյալ Մառլեն Մուրադյանը հրաժարվեց պատասխանել հարցերին: Քանի դեռ չէին հրապարակվել նախաքննության ժամանակ տրված նրա ցուցմունքները, առարկությամբ հանդես եկան պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը եւ Լիաննա Գրիգորյանը: Մասնավորապես Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ նրա ցուցմունքն է դրված իր պաշտպանյալի՝ Ռաֆայել Հարոյանի մեղադրանքի հիմքում, ուստի դատարանին խնդրեց ապահովել նրա հարցաքննությունը: Սակայն դատարանը հրապարակեց Մառլեն Մուրադյանի ցուցմունքները եւ ընդունեց նրա «լռելու իրավունքը»:

Մառլեն Մուրադյանն աշխատել է ԱԱԾ տնօրենի աշխատակազմում, ավարտել է ֆիզկուլտուրայի ինստիտուտը, իսկ ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանի հետ շփվել է, քանի որ նա նույնպես եղել է ԱԱԾ աշխատակից: Նախաքննության ժամանակ նա հարցաքննվել է 4 անգամ վկայի կարգավիճակում, իսկ 3 անգամ՝ ամբաստանյալի: Նա հայտնել էր, որ Տիգրանի հետ շփվել է, քանի որ նա զբաղվում էր մեքենաների վաճառքով, երբեմն էլ Տիգրանը խնդրել է իր ընտանիքին տանել Դիլիջան: Ինչ վերաբերում է «Թոխմախի Կյաժին» ճանաչելուն, ապա նրան անձնապես չի ճանաչել, վերջինն է հաճախակի զանգել իրեն՝ Տիգրանի անհասանելի լինելու հետ կապված:

2013թ. օգոստոսի 9-ին իր ցուցմունքով նա պատմում է, թե ինչպես է Տիգրան Հովհաննիսյանը հեռախոսազրույց ունեցել ամբաստանյալ Մնացական Սարգսյանի հետ, որից զենք է խնդրել: Իսկ 2013թ. դեկտեմբերի 26-ի որպես վկա հարցաքննության ժամանակ Մառլեն Մուրադյանը հայտնել էր Հայբիզնեսբանկի հետ կապված: Նրան քննիչը հարցրել էր հափշտակություններ կատարելու մասին, իսկ Մ. Մուրադյանն ասել էր, որ հիշում է, որ Տիգրանը մի քանի անգամ գումար է փոխանցել «ապառիկ գնումների համար»:

2014թ. փետրվարի 12-ին առերես հարցաքննություն է եղել Տիգրանի հետ՝ դարձյալ վկայի կարգավիճակով, որտեղ մեկ անգամ եւս հաստատվել է, որ ինքը մի քանի անգամ կատարել է Տիգրանի խնդրանքը՝ այս գործով տուժող Հայբիզնեսբանկից գումարներ վերցնելու մասին, սակայն չիմանալով, որ գումար է հափշտակվում: Ըստ հրապարակված ցուցմունքների՝ 2014թ. մարտի 5-ին նա իրեն լիովին ճանաչել է մեղավոր, չի ցանկացել ունենալ պաշտպան, իսկ իրեն մեղսագրված օժանդակության համար հայտնել էր, որ օժանդակությունը կատարել է ընկերական զգացմունքներից ելնելով:

Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակում է ամբաստանյալ Վահե Ստեփանյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը: Նա իրեն մեղավոր ճանաչեց մասամբ եւ պատրաստակամություն հայտնեց պատասխանել դատարանի հարցերին:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալները մեղադրվում են կայուն, զինված բանդայի խմբում տարադրամի փոխանակման կետերի վրա ավազակային հարձակումներ կատարելու եւ տուժող Հայբիզնեսբանկից առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031