Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. «Ի՞նչ եք առաջարկում՝ հելնեմ գոռամ Սերժ Սարգսյան, հեռացիր, որ մի քանիսին էլ կալանավորե՞ն»

Մայիս 07,2015 14:23

«Ընդդիմադիր կոչված ուժերը դիվիդենտ շահելու համար հանում են ժողովրդին ոտքի և ետ են կանգնում»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դառնում է կուսակցություն: Դիտարկմանը՝ հաճախ են մեղադրում «Քաղաքացիական պայմանագրին» այն բանում, որ չեն ցանկանում արտահերթ ընտրություններ, պարոն Միքայելյանը արձագանքեց. «Կյանքը ցույց տվեց, որ ընդդիմություն կոչվածը կամ մաս են կանգնում իշխանության, կամ ինչ-որ մի պահից հետ են կանգնում, և ժողովուրդն է տուժում: Մեր ընդդիմությունը մինչ այժմ ձևավորվել է իշխանությանը փնովելով, բայց մենք կողմ ենք քաղաքակիրթ ճանապարհին: Մենք դեռ չենք գնալու հերթական ընտրության, այլ այն ուժով ենք գնալու հերթական ընտրության, որ թույլ չտանք լցոնումներ լինեն, պարտվենք, որ չկարողանան ուրիշ բաներ անել: Մենք այս պետության համար մեծ ներդրում ունեցող մարդիկ ենք և ինչու՞ պետք է որոշ մարդիկ գան նստեն ու վայելեն: Նրանց 99 տոկոսը նույնիսկ այդ ազատամարտում դերակատարություն չի ունեցել, մենք իրենց ծառան ու ստրուկը չենք, որ տանում են ժողովրդին դեպի ստրկության, բայց չենք թողնի, ժողովրդին չեն կարող հասցնել ստրկամտության»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ կոնկրետ գործողությունների ի՞նչ ծրագիր ունեն, ինչպե՞ս են հասնելու իշխանափոխության, պարոն Միքայելյանը պատասխանեց. «Քաղաքակիրթ ճանապարհով ենք հասնելու նրան, որ իշխանությանը թույլ չտանք բիրտ ուժով գնա ուրիշ գործարքների, որ վախի մթնոլորտ չտարածի ժողովրդի մեջ, որ թույլ չտանք փող բաժանել»:

Կրկին խնդրեցինք հստակեցնել իրենց գործողությունները: Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Ի՞նչ եք առաջարկում՝ զենք վերցնենք, հելնենք կռվե՞նք իշխանության դեմ: Հելնեմ գոռամ Սերժ Սարգսյան, հեռացիր, մի քանիսն էլ մեր հետ գան, իրենց բռնեն կալանավորեն, մենք էլ գանք տո՞ւն: Նորմալ, ընդդիմություն չեք տեսել, կգա այդ օրը, կտեսնեք: Ես այդ մարդը չեմ, որ ինչ-որ մեկի հետ գնամ համագործակցության, մենք չենք ձգտել մաս կազմել… հիմա ստիպում եք ասել գնանք կտրենք, փրթենք, ջարդենք, թաթար-մոնղոլ ենք, պիտի փախչեք այս երկրից. արդյունքում ժողովուրդը փախավ, իրենք էլ լավ նստած են, հլը մուտիտ են անում՝ մարդա մեկի ասած»:

Պարոն Միքայելյանը նշեց, որ իրենք «իշխանափոխություն ասողներից ժամ առաջ են ուզում հասնել իշխանափոխության: Մենք չենք ուզում դառնալ կուսակցություն՝ մեկով ավելանալու համար»:

Պարոն Միքայելյանը մտահոգություն հայտնեց, թե «երբ գոռացին իշխանափոխության, ժողովուրդը կանգնեց կողքներին, հետո թողեցին գնացին, ժողովուրդը մնաց մենակ»: Ուստի իրենք ուզում են, որ այս իրավիճակից խուսափեն, դրա համար նախ պետք է բոլոր ընտրատեղամասերում ունենան իրենց ներկայացուցիչները, հետո այլ քայլերի դիմեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031