Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ թեմի երիտասարդները ուխտի կգնան Արցախ:
Մայիսի 8 – ին՝ ժամը 11.00-ին, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ Հաղթանակի գոհաբանական աղոթք վեր կառաքեն Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում:
Եռօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները հոգևոր ու ազգային երգերի համերգային ծրագրով կայցելեն Շուշիի, Մարտակերտի և Ստեփանակերտի զորամասեր: Ելույթ կունենան ԱՀԹ «Ծաղկազարդ», «Արարատ» երգչախմբերը և «Վարք հայոց» ավանդական երգի պարի խումբը:
Զորամասերում զինվորների համար կկազմակերպվեն հայկական ավանդական խաղեր: ԱՀԹ «Արարատ» երիտասարդաց միության նախաձեռնած «Նամակ զինվորին» ծրագրով զինվորներին կփոխանցեն մանկատների, գիշերօթիկ դպրոցների ու երեխաների խնամքի կենտրոնների սաների քաջալերող նամակները:
Կարդացեք նաև
Ուխտավորները կայցելեն նաև Տիգրանակերտ: Մայիսի 10-ին Գանձասարի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կմասնակցեն ս. պատարագի:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին