Այսօր կառավարության շենքի դիմաց նաիրիտցիները կրկին բողոքի ակցիա էին անում: Հավաքվածների մի մասը պահանջում էր անհապաղ վճարել իրենց աշխատավարձերը, քանի որ այլեւս սպասելու, համբերելու հնար չունեն, մի մասն էլ առաջարկում է պարտքի մարման հստակ ժամանակացույց, հնարավորինս կարճ ժամկետներում՝ մինչեւ տարեվերջ: «Ո՛չ, ո՛չ, ոչ մի դեպքում, մինչեւ մայիսի վերջ»,-բորբոքված ասաց նաիրիտցիներից մեկը: «Դե լավ, Տիգրան, հո մեր ուզելով չի»,-մինչեւ մայիսի վերջ պահանջ դրած նաիրիտցուն պատասխանեց նրա գործընկերը, որին պատասխանեցին՝«Հենց էլ մեր ուզելով է»:
Նաիրիտցիներն իրենց աշխատավարձերը ստանալու համար պատրաստ են ցանկացած քայլի՝ նստադուլի, հացադուլի եւ բողոքի բոլոր տեսակներին. Համենայնդեպս այսօր էլ ցույցի ժամանակ այդ մասին հայտարարեցին:
Հետո նաիրիտցիների համակարգող խումբն առանձնացավ, որպեսզի հասկանան՝ թե ինչ որոշում պիտի կայացնեն:
«Ասում են ինչ-որ տրուբեք են ծախում, է թող ծախեն, մեր փողերը տան: Ինձ էլ շատ հետաքրքի՞ր է, որ ասում են փող չկա, մեզ համար փող չկա, իրենց համար՝ կա»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ