ԱԺ-ում այսօր շարունակվեց Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծի քննարկումը:
Հիշեցնենք, որ ինչպես ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, նախագիծը վերաբերում է խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավակարգավորումների հստակեցմանը: Նախագծի ընդունումը պայմանավորված է միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխանեցմամբ: Միջազգային կոնվենցիայով նախատեսվում է, որ հստակ տեղեկություններ լինեն խոշտանգման նպատակի հետ կապված, օրինակ, երբ խոստովանություն կորզելու եւ այլ նպատակների համար է դա արվում: Պետք է սահմանվի հստակ պատժատեսակը՝ բավարար խստությամբ: Գործող օրենսդրությամբ, եթե տուժողը չի բողոքում, ապա քրեական հետապնդման մասին խոսք չկա, քրեական հետապնդումն էլ դադարեցվում է, եթե խոշտանգողը հաշտվում է տուժողի հետ:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելիս ասաց՝ տարիներով այդ փոփոխությունը մենք չեն արել. «Եթե անեինք, ՀՀ-ն տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից չէր քննադատվի: Բայց լավ է ուշ, քան երբեք»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ շատ է պայքարել, որ խոշտանգումների հետ կապված մեր Քրեական օրենսգրքում քաղաքականությունը փոխվի. «ՀՀ-ում խոշտանգում հանցագործությունը կոծկել են՝ որպես այդպիսին»:
Նա հիշեցրեց Չարենցավանի ոստիկանության դեպքը. «Քաղաքացին խոշտանգումների արդյունքում մահացել էր: Վերցրեք այդ քրեական գործը եւ տեսեք, թե այդ մարդիկ ինչ հոդվածներով են դատապարտվել եւ նաեւ համաներման տակ են ընկել»:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանն առաջարկեց համաներման հարցն էլ քննարկել, որ խոշտանգման համար դատապարտվածները համաներմամբ ազատ չարձակվեն:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խնդրեց ներկայացնել վիճակագրությունը մինչեւ խոշտանգման մասին այս փոփոխությունն օրենքում կատարելը քանի՞ մարդ է պատժվել խոշտանգման համար: Էդմոն Մարուքյանն իր փորձը ներկայացրեց. «Բազմաթիվ դատական գործեր ենք ունեցել, որոնցով փորձել ենք գործ հարուցել տալ, չի ստացվել: Խուսափել են որեւէ կերպ հանցագործությունն անվանել խոշտանգում: Եթե անվանեին էլ, պատիժը չէր լինելու այն պատիժը, որը հիմա է նախատեսվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ