«Մենք տեսանք, որ աշխարհում հայությունը գործոն է»,- մայիսի 7-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքերով՝ այս ընթացքում սկզբունքային փոփոխություն է տեղի ունեցել: Այն երկրները, որոնք խուսափում էին Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնել, այս օրերին դա անում են: Նա նկատեց նաեւ, որ հայ ժողովուրդը հասկացավ, որ աշխարհը կիսում է իր ցավը:
«Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումներին մասնակցեցին տասնյակ հազարավոր հայորդիներ ողջ աշխարհում: Սա շատ կարեւոր է. մենք տեսանք, որ կարող ենք համախմբված գործել եւ մենք հասկացանք, որ մեր ձայնը լսելի է աշխարհում, այսինքն՝ մենք՝ որպես հայություն գործոն ենք աշխարհում»,- հայտարարեց նա:
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ միջոցառումները ունեն ոչ միայն քաղաքական բնույթ, այլ նաեւ՝ մշակութային. «Սա հետաքրքիր մոտեցում է, որովհետեւ ժամանակակից աշխարհում միլիոնավոր մարդկանց սրտերին ավելի հեշտ է հասնել ոչ թե քաղաքականության, քաղաքական միջոցներով, այլ՝ մշակույթի միջոցներն օգտագործելով: Սա զգալիորեն ընդլայնում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ընթացքը՝ ներգրավելով աշխարհի միլիոնավոր մարդկանց, որոնք մինչ այդ ոչ միայն դրա մասին չէին իմացել, այլ նաեւ նրանց քաղաքականությունը հետաքրքիր չէ, բայց նրանք մշակույթի, լեզվի միջոցով հաղորդակցվեցին այս խնդիրներին»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Գալիպոլիի միջոցառումներին՝ թուրքագետն ասաց, որ դա Թուրքիայի խնդիրն է հակադարձելու համար օգտագործել տարբեր հնարքներ, այդ թվում՝ ոչ բարոյական. «Այս դեպքում Թուրքիան փորձում է հակաքարոզչական միջոցներ օգտագործել, որը մենք տեսնում ենք՝ հաջողություն չի բերում: Գալիպոլիի նրանց այս հնարքը, որը բարոյազուրկ էր ի սկզբանե, չտվեց այն արդյունքը, որն իրենք սպասում էին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ