Հայաստանյան առաջատար լրատվամիջոցների լրագրողներ, մեկնաբաններ ու տեսակետ ստեղծողներ մայիսի 9-ին՝ ՀՀ ԿԳ նախարարն՝ ընդդեմ չորրորդ իշխանության եւ հանուն գիտելիքի կխաղան «Ամենախելացին» հեռուստախաղում: Մասնակիցների թվում են՝ Արտակ Հերիքյանը, Կարեն Գիլոյանը, Լիլիթ Թումանյանը, Վահե Ղազարյանը, Մարկ Գրիգորյանը, Եգոր Գլումովը, Արծրուն Հովհաննիսյանը, Գոհար Վեզիրյանը, Արտյոմ Երկանյանը, Պետրոս Ղազարյանը, Սաթիկ Սեյրանյանը եւ Գեղամ Մանուկյանը:
Օրեր առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով տոնական հեռուստախաղին, հայտնել էր «Արմենիա» հեռուստաընկերության պատրաստած անակնկալի մասին ու նշել, որ «Ամենախելացին» հեռուստախաղին մասնակցել են մեր հայտնի լրագրողները, մեդիադաշտի 12 «շնաձկներ», իսկ հաղորդումը վարել է մեկ այլ «շնաձուկ», այն է` ես: Ինչ խոսք, շատ հետաքրքիր, դիտարժան եւ թեժ խաղ էր: Հազիվ լրագրողները ընկել էին ձեռս ( մինչ այդ, հակառակն է միշտ եղել )»:
Ինչպես մասնակիցներն էին նշում, խաղը շատ էմոցիոնալ է անցել:
«Առավոտը» Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն էր լրագրողական «Ամենախելացին» նախարարի հետ, եւ ինչպես պարոն Արմեն Աշոտյանն էր ասում, արդյոք մեդիադաշտի «շնաձկներն» իրենց արդարացրի՞ն, թե նախարարը կարողացավ «խեղճացնել» ձեզ: «Ինձ ուղղակի կրեցին, ես առաջին փուլից դուրս թռա, ուղղակի ուժեղ էին: Ես գիտեի, որ խաղը Արմեն Աշոտյանն է վարելու, անակնկալ չէր»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Մյուս հարցին էլ՝ եթե հնարավորություն լիներ նորից խաղալու, կմասնակցե՞ր կրկին, Արծրուն Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց. «Այս մեկին էլ չէի մասնակցի, եթե չասեին, որ նվիրված է հաղթանակներին: Ես նման խաղերի չեմ կարողանում մասնակցել, դա իմ համար խնդիր է հոգեբանական»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
06.05.2015