Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Պահանջատիրությունը հայ ժողովրդի պատվի խնդիրն է»

Մայիս 07,2015 13:06

«Պետք է շարունակել, աշխատել ընդլայնել ճանաչման գործընթացը, բայց պետք է նաեւ մեր պայքարը տեղափոխել իրավական դաշտ, պահանջատիրության դաշտ»,- մայիսի 7-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա համարում է՝ պահանջատիրությունը հայ ժողովրդի պատվի խնդիրն է, որովհետեւ Համահայկական հռչակագրում նշված է, թե հայ ժողովուրդը պետք է ձգտի իրականացնել դա. «Աշխարհը սկսում է կենտրոնացած հետեւել, թե հայերը սա ասացին, լուրջ էին ասո՞ւմ, թե՞ ուղղակի հենց այնպես խոսում էին: Սա դառնում է մեր պատվո խնդիրը՝ կարողանալով օգտագործել իրավական բոլոր հնարավոր միջոցները պահանջատիրությունն առաջ տանել: Սա նաեւ դժվար խնդիր է, հեշտ չէ ե՛ւ միջազգային իրավունքի ներկա մակարդակից ելնելով, որը մեզ հարյուր տոկոսով վստահություն չի տալիս, որ մենք մեր նպատակներին կհասնենք, ե՛ւ այն առումով, որ գործ ենք ունենալու Թուրքիայի նման մեծ ռեսուրսներ ունեցող երկրի հետ: Բայց պետք է աշխատանքը տանել առաջ»:

Ըստ նրա՝ այդ աշխատանքները պետք է լուրջ եւ լուռ իրականացնել. «Մոտ ապագայում պետք է սպասել, որ մենք իրական քայլեր պետք է ձեռնարկենք»:

Նրա կանխատեսմամբ՝ ճանաչման գործընթացը շարունակվելու է եւ 2015 թվականի ընթացքում դեռ մի շարք երկրներ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը. «Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ երեկ կայացրած որոշումն, իմ կարծիքով, կարեւոր է: Կարեւոր է, որ սա Եվրամիության անդամ հերթական երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ընդ որում ԵՄ հիմնադիր երկրներից: Այսօր ծանոթանում էի թուրքական մամուլի արձագանքներին, դեռեւս պաշտոնական արձագանք չկա, այնտեղ գնահատական կա, որ Թուրքիայում շոկ է. Լյուքսեմբուրգն էլ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Չէին սպասում, կարծում եմ այս տարի ճանաչման գործընթացը կշարունակվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031