Այսօր ԱԺ նիստում ուշագրավ քվեարկություններ եղան:
Քվեարկության դրվեց Առեւտրի եւ ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 111 կողմ:
ԱԺ նիստի սկզբում քվեարկության դրվեց նաեւ կառավարության կողմից ներկայացված ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը քննարկվել էր երեկ: Այն նույնպես միաձայն կողմ քվեարկվեց՝ 113 կողմ: Գալուստ Սահակյանը հաճելիորեն զարմացած էր՝ «էս ի՞նչ հաշտ Ազգային ժողով է»:
Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին (114 կողմ) նաեւ «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին եւ «Կրթության մասին ՀՀ օրենքներում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին:
Կարդացեք նաև
Իսկ «Շրջանառության հարկի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթն ընդունվեց 94 կողմ, դեմ 5, ձեռնպահ 14 ձայների հարաբերակցությամբ:
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ օրինագծի վերջնական տարբերակում հաշվի են առնվել պատգամավորների առաջարկությունները:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ վերահաստատեցին երեկ քննարկման ժամանակ հայտնած իրենց տեսակետները: Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ սա նորմալ օրենք է, լուծվել է ՓՄՁ-ների համար խնդիրը եւ իրենք միանշանակ կողմ են քվեարկելու: Իսկ Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց մտահոգությունները պահպանվում են.:
«Անենք այնպես, որ երբեւիցե Արծվիկ Մինասյանն էլ մտահոգություններ չունենա»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ անցյալում էլ, հիմա էլ իրենք դեմ են, քանի որ պրակտիկան ցույց տվեց, որ այդ ճկուն համակարգը չաշխատեց. «Ձեռնարկատերերի մեծամասնությունը նախընտրում է աշխատել 5 տոկոսով եւ դե ֆակտո հարկի բարձրացում եղավ 3.5-ից 5 տոկոս»:
Գալուստ Սահակյանն էլ կատակեց. «Աչքներս լույս լինի» :
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ