Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թե ինչպես ուսուցչուհին Սերբիայում դարձավ բանաստեղծուհի

Մայիս 07,2015 15:30

Սերբիայում երկու լեզվով (հայերեն եւ սերբերեն) հրատարակվել է Անուշ Բալայանի բանաստեղծությունների առաջին գիրքը (լուսանկարում): «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ բանաստեղծուհին ներկայացրեց շուրջ 20 տարի Սերբիայում ապրելու եւ ստեղծագործելու իր պատմությունը: «1995թ. որոշեցի այցելել բելգրադաբնակ սերբ բարեկամիս: Երեւանում ապրելու եւ աշխատելու տարիներին նա իմ ընտանիքում հաճախ էր հյուրընկալվում: Նրա շնորհիվ հնարավորություն ունեցա ծանոթանալ եւ համակրել սերբերին»,- նշեց մեր զրուցակիցը, հավելելով, որ Բելգրադ կատարած իր այցի նպատակներից մեկն էր ծանոթանալ Սերբիայի նորաստեղծ հայկական համայնքին: «Ինձ հետ վերցրել էի Սփյուռքահայության հետ մշակութային կոմիտեի կողմից մի նամակ, որով առաջարկվում էր, որ նորաբաց հայկական կիրակնօրյա դպրոցում աշխատեմ որպես հայերենի ուսուցչուհի: Ներկայացա սերբահայ համայնքի նախագահ, նկարիչ Միոդրագ Վարդապետյանին, որն էլ ապահովեց այնտեղ բնակվելու հարցը ու որոշ ժամանակ հայերեն էի դասավանդում տեղի՝ ծագումով հայերին»,- ասաց Անուշ Բալայանը: Հետո բանաստեղծուհին տեղի Օտար լեզուների ինստիտուտում ուսումնասիրում է սերբերեն:

Միոդրագ Վարդապետյանի բարեկամ Միլան Կոսովիչն օգնում է հայուհուն թարգմանել իր մի քանի բանաստեղծությունները, իսկ երկու ամիս անց Անուշ Բալայանը մասնակցում է Գրողների միջազգային հանդիպմանը՝ սերբերեն թարգմանված իր բանաստեղծություններով: Շուտով հրավիրվում է մասնակցելու նաեւ Պոեզիայի միջազգային փառատոնին, ուր ընդլայնում է կապերը սերբ ստեղծագործողների հետ: «Ինձ ընդունում էին բավականին ջերմ, միշտ նշելով, որ հայերն էլ սերբերի պես դառը անցյալ են ունեցել»,- հիշում է բանաստեղծը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Սերբիայում գործում են շատ գրական միություններ եւ ընկերություններ: Հետո դարձյալ հիշում է, որ Բելգրադում հաճախակի կազմակերպվող պոեզիայի երեկոներին, երբ ներկայացնում է իր բանաստեղծությունները սերբերեն, ներկաները միշտ խնդրում են, որ կարդա նաեւ հայերեն:
Որոշ ժամանակ անց Անուշ Բալայանն անդամագրվում է «Սերբ գրողները հայրենիքում եւ սփյուռքում» ընկերությանը: Անդրադառնալով իր «Իմ աստվածուհի» գրքին, ասաց, որ այդ ընկերության նախագահ Միլոշ Անջելիչի հետ վաղուց են ձեռնամուխ եղել իր բանաստեղծությունների թարգմանության գործին: Սերբահայ նկարչուհի Անամարիա Վարդապետյանն էլ առաջարկել է իրականացնել գրքի համակարգչային շարվածքն ու նկարազարդումները: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ մի սերբ երիտասարդ հայասեր էլ հոգացել է գրքի տպագրման ծախսերը՝ ցանկանալով մնալ անհայտ:

Շնորհանդեսը Բելգրադում կազմակերպել է Սերբ գրողների միությունը: «Ես ընտրել էի ապրիլի յոթը՝ որպես շնորհանդեսի օր, քանի որ այն Ավետյաց տոնն էր թե հայկական եւ թե սերբական եկեղեցիներում: Շնորհանդեսին՝ իմ խնդրանքով, մասնակցեց սերբահայ կոմպոզիտոր Վարդգես Բարոնյանի որդին՝ թավջութակահար Վարդան Բարոնյանը: Հուզիչ էր մարդագիտության դոկտոր Լուկա Յոկսիմովիչ Բարբատի մեկնաբանմամբ հայերենով հանրահայտ «Մարտիկի երգի» կատարումը: Մի այլ տաղանդաշատ սերբ երգիչ էլ հիացրեց ներկաներին՝ ներկայացնելով մեկ այլ հայկական հանրահայտ երգ՝ «Ով, սիրուն, սիրունը»: Հարցին, թե չի՞ փորձել լրջորեն զբաղվել թարգմանական արվեստով, Անուշ Բալայանը պատասխանեց. «Զբաղվում եմ սերբերենից հայերեն թարգմանություններով, թեպետ ոչ մի աշխատանք դեռ չի հրատարակվել: Կուզեի, որ հնարավորություն ընձեռվեր հայ եւ սերբ ժամանակակից պոեզիայի թարգմանությունների լույս ընծայմանը գրական պարբերականներում, ինչպես նաեւ էլ ավելի ամրապնդել երկու երկրների մշակութային կապերը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031