Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնությունն ընդամենը ենթադրում է, որ այդ գումարները պետք է գնան ոչ թե ՌԴ, այլ ՀՀ բյուջե. «Հայոց աշխարհ»

Մայիս 07,2015 12:23

Արտերկրում աշխատող Հայաստանի քաղաքացիներին այստեղ հարկելը այնքան էլ հեշտ խնդիր չի լինի։ Ամեն դեպքում կառավարությունը փորձում է դա անել։
Ինչպես հայտնի է, խնդիրը վերաբերում է շինարարության ոլորտում արտագնա աշխատանքներ կատարող Հայաստանի քաղաքացիներին կամ, այսպես կոչված, խոպանչիներին։ Ընդ որում՝ միայն նրանց, ովքեր արտերկրում աշխատում են օրինական գրանցմամբ։ Օրենքը ոչ մի կերպ չի առնչվում այն քաղաքացիներին, որոնց գործունեությունը գրանցված չէ։

Կառավարությունն առաջարկում է մեխանիզմ, որպեսզի արտերկրում գրանցված վարձու աշխատանքներ կատարողների եկամուտները հարկվեն Հայաստանում, այն էլ՝ 13 տոկոս դրույքաչափով։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է այդ քաղաքացիների վրա։ Իրականում առաջարկվող փոփոխությունը բոլորովին նման խնդիր չի առաջացնում։

Արտերկրում օրինական գրանցում ստացած վարձու աշխատողներն այսպես թե այնպես վճարում են եկամտահարկ։ Այն Ռուսաստանում կազմում է 13 տոկոս։ Ներկայացված նախաձեռնությունն ընդամենը ենթադրում է, որ այդ գումարները պետք է գնան ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի բյուջե։

Բնականաբար այլ կլիներ պատկերը, եթե չլիներ առաջարկվող փոփոխությունը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը շատ ավելի բարձր է, քան Ռուսաստանում։ Այն կազմում է առնվազն 24,4 տոկոս։ Եկամտահարկի փոփոխություն չանելու դեպքում միանշանակ կստացվեր, որ արտերկրում օրինական գրանցված վարձու աշխատանք կատարող Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեին հայտնվել ավելի ծանր հարկային բեռի տակ։

Ներկայացված նախաձեռնությամբ խնդիրը ամբողջությամբ վերանում է։ Քաղաքացին նույնությամբ կատարում է իր պարտավորությունները, բայց նրա վճարած հարկերը գնում են ոչ թե տվյալ երկրի, այլ Հայաստանի պետական բյուջե։

Նպատակն անշուշտ վատ չէ։ Այլ հարց է թե, դրան որքանով համաձայն կլինի Ռուսաստանը կամ որեւէ այլ երկիր, որի հետ Հայաստանն ունի կրկնակի հարկումը բացառելու ռեժիմ։ Ամեն դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը հանդես է եկել նման նախաձեռնությամբ, կարելի է ենթադրել, որ հարցը առնվազն ռուսական կողմի հետ համաձայնեցված է։ Այլապես հազիվ թե նման առաջարկություն ներկայացվեր։ Ո՞րն է այդ դեպքում Ռուսաստանի շահը, դժվար է ասել։

 Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031