«Արցախում սա առաջին ընտրությունները չէին. Մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որը բոլորն ընդունում են որպես ոչ թե ցուցադրական այլոց համար, այլ որպես ինքնակազմակերպման հիմնական ձեւ»,- մայիսի 7-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ովքեր են եղել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների դիտորդները. «Իրենք ոչ թե պատահական մարդիկ են, որոնք ընկալվում են որպես մասնավոր անձինք այն երկրներում, որտեղից գալիս են, այլ նրանք իրապես ինչ-որ մի պաշտոն, ազդեցություն ունեցող անձինք են: Մենք այսօր պետք է արձանագրենք, որ ավելի քան ութ հարյուր մարդ պաշտոնապես եկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, դիտարկել է եւ տվել իր գնահատականները: Գնահատականներն ունեն դրական դինամիկա: Սկզբից կար զարմանք, որ իրենք ճանապարհների վրա չեն տեսնում զինվորականներ կամ զրահամեքենաներ»:
Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները կարող են օրինակ ծառայել շատ եվրոպական երկրների համար. «Տարեցտարի ամեն անգամ ընդդիմության ձայների տոկոսն ավելի ազդեցիկ եւ մեծ է լինում, Հայաստանում մենք չենք ունենում այդ տոկոսը: Այսինքն՝ ինչքան էլ մենք ասենք, որ ճանապարհի այն կողմում թշնամին կանգնած է եւ կարող է կրակել, բոլոր դեպքերում կա ձգտումը խաղաղ կանոնակարգված եւ հնարավորինս հավասար իրավունքներով կյանքը կազմակերպելու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ