1989-ից Ենոքյանը ԽԱՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր։ Շատերն են հիշում նրա ելույթները հատկապես Ղարաբաղյան հարցի քննարկումների ժամանակ։ Իր համար նոր՝ քաղաքական ոլորտում Ենոքյանը նույնքան համառ էր ու սկզբունքային։
Քչերն են հիշում, որ գոյության վերջին տարիներին Խորհրդային Միությունը հայտնվել էր ֆինանսատնտեսական ծանր վիճակում։ Բայց 90-ին նա կարողացավ ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովին համոզել, որ «Գարուն» արտադրական միավորման համար տրամադրի մեկ մլն ԱՄՆ դոլար՝ նոր գերժամանակակից արտադրական ճապոնական հոսքագիծ գնելու համար։ Հետո հետաքրքիր էր հետևել, թե ինչպես էր խորհրդային արժեհամակարգում ձևավորված խորհրդային տնօրենն աշխատում տնտեսական նոր համակարգում։ Ինչպես էր հաջողում կնոջ հագուստի պատվերներ գտնել եվրոպական երկրներում։
Խորհրդային գործարանները «սովոր» էին կնոջ զգեստը կարել տասնյակ-հազարավոր հատով։ «Շիրպատրեբի» մասին է խոսքը։ Իսկ նոր իրավիճակում եվրոպացի գնորդի համար յուրաքանչյուր զգեստից ընդամենը մեկ-երկու տասնյակ օրինակ էր պետք կարել։ Ենոքյանն իրեն բնորոշ անկեղծությամբ փնթփնթում էր, բայց հաջողում գտնել հերթական պատվիրատուին։
Նրա ձեռնարկությունը 90-ականների սկզբին եզակի գործարաններից էր, որ աշխատանք ու եկամուտ էր ապահովում։ Տնտեսության ոլորտի նոր ղեկավարները, նախկինների նման, դժգոհում էին նրանից։ Դժգոհում էին, բայց գնահատում։
Կարդացեք նաև
Բարդ ու ուղղախոս բնավորությունն էր պատճառը, որ խորհրդային տարիներին նա պետական պարգևների չարժանացավ։ Բայց մասնագիտական հմտություններն էին, որ նույն խորհրդային տարիներին բռնադատված ու սիբիրյան աքսորական ընտանիքի դստերը հնարավորություն տվեցին ձեռնարկության տնօրեն դառնալ։
Նույն ուղղախոսությունն ու համարձակությունն է պատճառը, որ նա ՀՀ պետական պարգևների չի արժանացել։ Գոհար Ենոքյանի միակ պետական պարգևը ԼՂՀ նախագահի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալն է։ Այդպես Ղարաբաղի Հանրապետությունը գնահատեց շարժման սկզբի ելույթներն ու աշխատանքը ԽՍՀՄ Գերագույն խորհրդում։ Նաև՝ պատերազմի տարիներին բանակին հագուստի մատակարարման գործում ունեցած ավանդը։
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում