Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալություն ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ԱՄՆ պետդեպին` մասնակի օբյեկտիվության համար»

Մայիս 07,2015 17:30

ԱԺ փոխխոսնակ, ղարաբաղյան ընտրություններում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը համամիտ չէ, որ ընտրական գործընթացներում Արցախը Հայաստանին գերազանցում է:

– ԼՂՀ ընտրություններին մասնակցող դիտորդները դրական գնահատեցին դրանց ընթացքը: Ընտրություններին մասնակցող ընդդիմադիրներն էլ էին գոհ ընտրական գործընթացներից: «Շարժում-88» ընդդիմադիր շարժման ղեկավար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում համեմատելուվ Արցախում կայացած նախկին ընտրությունները՝ կարծիք էր հայտնել, որ այս ընտրություններն առավել լավ էին կազմակերպված: Դրական էր արտահայտվել նաեւ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ արցախցիներին հաջողվում է կատարելագործել ընտրական համակարգն ու ընտրական գործընթացները` ի տարբերություն Հայաստանի: Հայաստանում յուրաքանչյուր ընտրությանը` հաջորդների հետ համեմատ, կատարելագործվում են ընտրակեղծիքները: Իր գոյության 25 տարիների ընթացքում հայաստանյան որեւէ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ գոհունակություն կամ դրական վերաբերմունք չի արտահայտել ընտրական գործընթացների վերաբերյալ:

– Ես ափսոսում եմ Ձեր գնահատականի համար, քանի որ անգամ մեծ ցանկության դեպքում այդ գնահատականը ես չեմ կարող անվանել օբյեկտիվ եւ իրականության հետ կապ ունեցող:

– Ինչո՞ւ: Որքան էլ իշխանությունները հրապարակայնորեն բարձր գնահատեն հայաստանյան ընտրական գործընթացները, հասարակությունը, նաեւ իշխանությունները լավ գիտեն, որ դա, մեղմ ասած, այդքան էլ այդպես չէ:

– Որովհետեւ Հայաստանում, ինչպես ցանկացած նորմալ երկրում, դիտորդներն են գնահատում ընտրությունների որակը: Եվ նախագահական, եւ պառլամենտական ընտրությունները, անխտիր, բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականով՝ քայլ առաջ են` նախագահական եւ պառլամենտական ընտրությունների պատմության ընթացքում լավագույնը: Սրանք իմ խոսքերը չեն, դիտորդների գնահատականներն են:

Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, շատ ուրախ եմ, որ ԼՂՀ-ն անշեղորեն գնում է դեպի ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի կառուցում: Այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Արցախի ժողովրդի կամքի իրականացումն անսասան է, որ Արցախի ժողովուրդը ցանկացած ընտրությամբ` ՏԻՄ, ԱԺ, թե նախագահական, մթնոլորտի տարբերությամբ ամբողջ աշխարհին ասում է, որ ինքն է իր ճակատագրի դարբինը: Արցախում մթնոլորտը տոնական էր, ու դրա նպատակն այն չէր, որ որեւէ մեկի ղեկավարած կուսակցությունն առաջնային դիրքերում լինի, այլ որ ինքը` արցախցին, հնարավորություն ունի եւս մեկ անգամ իր ձայնով, իր ընտրությամբ աշխարհին ցույց տալու, որ ինքն է կերտողն իր ճակատագրի: Ես երբ ասում եմ՝ մթնոլորտ, նկատի չունեմ ընտրությունների որակը: Որակի մասով էլ ասեմ, որ ընտրությունները մրցակցային էին: Իբրեւ ՀՀ ԱԺ դիտորդական պատվիրակության ղեկավար՝ զրուցել եմ եւ հանձնաժողովներում կուսակցությունների ներկայացուցիչների, եւ ընտրողների, եւ հանձնաժողովների ղեկավարների, եւ միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ. բոլորն էլ նույն կարծիքին էին: ԶԼՄ-ները, նաեւ տեղական, շատ լավ աշխատում էին: Ես նախորդ ընտրություններում էլ եմ պատիվ ունեցել դիտորդական առաքելություն իրականացնել եւ պետք է ասեմ, որ այս ընտրությունները քայլ առաջ էին: Արցախն ապացուցեց երկու բան` ինքն ազատ, անկախ, փաստացի ժողովրդավարական երկիր է, եւ որ այս ընտրությունները մրցակցային էին ու համապատասխանում էին ժողովրդավարական երկիր կառուցող պետության չափանիշներին:

– Նախկինում ԱՄՆ պետդեպարտամենտի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները ԼՂՀ ընտրությունների առիթով հստակ մերժողական էին: Այս ընտրությունների առիթով երկու կառույցներն էլ թեեւ հայտարարեցին, որ ընտրությունների արդյունքները չեն ճանաչում, բայց փաստեցին, որ հարգում են Արցախի ժողովրդի` սեփական ճակատագրին տեր լինելու իրավունքը: Սա շեշտադրման էական փոփոխություն է: Դա ո՞ւմ ուղղված մեսիջ էր: Արդյոք այն կարո՞ղ է բանակցային գործընթացում դրական տեղաշարժերի առիթ դառնալ:

– Սա առաջընթաց էր ու մեսիջ էր բոլոր կողմերին: Նախեւառաջ` Ադրբեջանին, միջազգային այն կառույցներին ու պետություններին, ովքեր ղարաբաղյան հարցում գործ չունեն, բայց «անպոչ գդալի» նման մեջ էին ընկնում ու ինչ-որ հայտարարություններ անում` այս եմ ընդունում, այն չեմ ընդունում: Կա Մինսկի խումբ, կա համանախագահության ձեւաչափ, կան սկզբունքներ, որոնցից մեկն էլ ինքնորոշման իրավունքի իրացումն է: Կիրակի օրը կայացած ընտրություններով Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ իրացրեց իր ինքնորոշման իրավունքը, ինչն էլ արձանագրել են Մինսկի խումբը եւ ԱՄՆ պետդեպը: Շնորհակալություն՝ այս դեպքում մասնակի օբյեկտիվության համար: Ամբողջական օբյեկտիվություն կլինի, երբ բանակցային գործընթացի արդյունքում ԼՂՀ-ն նախ դառնա բանակցային սեղանին`դառնալով լիարժեք կողմ, ապա ճանաչվի միջազգային հանրության եւ իրավունքի սուբյեկտ:

– Հավանականություն կա՞, որ ԼՂՀ-ն կվերադառնա բանակցությունների սեղանին:

– Տարիներ շարունակ հայաստանյան կողմը մշտապես խոսել է ԼՂՀ իշխանության` բանակցությունների լիարժեք կողմ լինելու մասին: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ այլ ճանապարհ չկա էլ: Առաջընթաց կլինի, թե ոչ՝ բարդ է կանխատեսել: Բաքուն էլ այս փուլում շահագրգռված չէ հրադադարի ռեժիմի խախտմամբ, որովհետեւ Եվրոպական խաղեր են նախատեսվում: Իրենք մեծ գումարներ են ներդրել, ուզում են աշխարհին երեւալ ոչ թե որպես սուլթանատ, ֆեոդալական ու բռնության երկիր, այլ գեղեցիկ փաթեթավորված: Այս պահին իրենք շահագրգիռ չեն որեւէ ապակայունացնող գործողության համար: Ու որ Արցախի ընտրությունների ժամանակ իրենք դիվերսիաներ չկազմակերպեցին, դա պետք չէ իբրեւ բարի կամք դիտարկել: Բաքուն չի փոխվել, իր շահերից ելնելով փոքր խորամանկություն են անում: Մենք չպետք է ուրախանանք, որ Բաքուն դարձել է կառուցողական: Արցախում շատ են կարեւորում ազատությունը, անկախությունն ու անվտանգությունը: Դա գիտակցում են: Փառք ու պատիվ Ղարաբաղի իշխանություններին, ղարաբաղցիներին, որ կարողանում են անվտանգություն ապահովել ու միաժամանակ ժողովրդավարություն կառուցել: Մենք էլ այստեղ պետք է գիտակցենք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, Ղարաբաղն ու Հայաստանի սահմանային շրջանները կիսապատերազմական վիճակում են:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031