Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վարչապետի պահանջն ու աֆրիկացիների ավանդույթները

Մայիս 07,2015 17:00

Մայիսի 30-ին կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների` ԾԻԳ, 2015 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: Վարչապետ ԾԻԳ-երը հերքում են մեղադրանքները, բայց եթե վարչապետը կոռուպցիայից զերծ մնալու պահանջ է ներկայացնում եւ խոստանում հետեւողական լինել` ուժեղացնել վերահսկողությունը, նշանակում է, որ նրա կարծիքով՝ ԾԻԳ-երում ինչ-որ բան այն չէ: Ժամանակին պատգամավորներից մեկն անգամ առաջարկեց վերացնել ԾԻԳ-երը եւ դրանց պահպանման գումարներն էլ ուղղել տվյալ ոլորտի զարգացմանը: Մեկ անգամ չէ, որ արձանագրվել է, թե ԾԻԳ-երում աշխատավարձերը շատ բարձր են, եւ պետծառայողների հոսք կա դեպի ԾԻԳ-եր: Բայց դատելով ԾԻԳ-երի շուրջ աղմկոտ պատմությունների առատությունից՝ բարձր աշխատավարձը չի դարձել կոռուպցիային չտրվելու գործոն: Այս ամենը վկայում է, որ վաղուց ժամանակն է ուժեղացնել-խստացնել ԾԻԳ-երի վերահսկողությունը: Խիստ վերահսկողությունը չի սահմանափակվում միայն պահանջներով: 2014 թվականի սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանի որոշմամբ «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների» ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Դեռ պաշտոնավարող տնօրենները կարող են դաս քաղել գործընկերոջ պաշտոնանկությունից, ֆինանսական եւ այլ չարաշահումներ թույլ չտալու պահանջից: Կարող են դասեր չքաղել: Բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինեն առնվազն պաշտոնանկության: Վարչապետի պահանջի շարունակությունը պատասխանատվության ենթարկելու խոստումն է:

Աֆրիկյան ժողովուրդներից մեկը մինչեւ օրս կիրառում է անհավատարիմ կնոջը պատժելու հին մեթոդը: Առաջին դավաճանության դեպքում պատժում են սիրեկանին` «Գուցե կնոջը գայթակղել է» հիմնավորմամբ: Երկրորդ անգամ` արդեն կնոջը` «Լավ, մի անգամ գայթակղեցին, բա դրանից դասեր չքաղեցի՞ր» հիմնավորմամբ: Երրորդ դեպքից հետո պատժում են դավաճան կնոջ ամուսնուն` «Կարողացիր այնպես սիրել ու փայփայել կնոջդ, որ աչքը դուրս չլինի» հիմնավորմամբ: Կոռուպցիայից զերծ մնալու վարչապետի պահանջը գայթակղություններին չտրվելու կոչ է: Հրապարակային այս կոչից հետո գայթակղողները` ԾԻԳ-ին կաշառք առաջարկողները, կզգուշանան: Սա նրանց «պատիժն» է: Գայթակղողները պատժված են: Մնում է ԾԻԳ-ը դավաճանելու` անօրինական գործարքի գնալու ցանկություն չունենա, կատարվածից` կոչ-պահանջից դասեր քաղի:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031