Պաշտոնական վիճակագրությունից տեղեկանում ենք, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսը նվազել է, ոչ ավել, ոչ պակաս, 190 հազար 700 մարդով։ Ու թեեւ այս տվյալները վերաբերում են անցած տարվան, բայց հրապարակվել են ընդամենը երեք օր առաջ։
Այսպես՝ 2014-ի սկզբին Հայաստանի աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 միլիոն 326 հազար 200 մարդ, այսինքն՝ այդքան մարդ, ըստ պաշտոնական վիճակագրության, ի վիճակի էր աշխատել եւ ինչ-որ բան ստեղծել։ Ընդ որում, այս թիվը իր մեջ ներառում է Հայաստանի 15-ից 75 տարեկան բոլոր աշխատունակ քաղաքացիներին։ 2014 թվականի վերջին պարզվում է՝ Հայաստանի աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 միլիոն 135 հազար 500 մարդ։ Իսկ ուր կորան աշխատելու ընդունակություն եւ կարողություն ունեցող մարդիկ։ Պաշտոնական վիճակագրությունը չի պարզաբանում, կային, էլ չկան ու վերջ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014-ի սկզբում Հայաստանի զբաղված բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 175 հազար 800 մարդ, իսկ արդեն տարեվերջին աշխատանք ունեցողների թիվը կազմել Է 1 միլիոն 111 հազար 700 մարդ։ Ինչպես նկատեցիք՝ մեկ տարում աշխատանք ունեցողների թիվը պակասել է 64 հազար 100-ով։ Այն, որ անցած տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ ամեն կերպ կրճատում էին իրենց աշխատողների թվաքանակը, դա հայտնի իրողություն է, եւ պայմանավորված էր ՀՀ իշխանությունների վարած հարկային եւ տնտեսական քաղաքականությամբ։ Այս փաստը չտեսնելու են տալիս միայն իշխանությունները, սակայն, ինչպես տեսնում ենք, իրենց պաշտոնական վիճակագրությունը եւս վկայում է, որ զբաղմունք ունեցողների թիվը էապես նվազել է։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում