Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ օրերս ԱԺ-ում քննարկված «Եկամտահարկի և շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը պատգամավորների կողմից ճիշտ չընկալվեց: Ըստ վարչապետի՝ այն, ինչի մասին, որ օրենքում գրված էր, այդ մասին պատգամավորները չէին խոսում, և տպավորություն էր, որ կարծես այլ նախագծի մասին էին խոսում:
Սա, ըստ նրա, ունի երկու պատճառ. կամ պատգամավորները լավ չեն հասկացել, լավ չեն կարդացել օրենքը, կամ կառավարության անդամներն են վատ ներկայացրել: Ուստի վարչապետը նախարարներին ու փոխնախարարներին հանձնարարեց պատգամավորներին ավելի մատչելի ներկայացնել օրինագծերը: «Բայց ես ուզում եմ բեռը վերցնել մեզ վրա, պետք է այնպես ճիշտ ու թափանցիկ ներկայացնենք օրինագծերը, որ պատգամավորներն ընկալեն»,- ասաց վարչապետը՝ կառավարության անդամներին հորդորելով լինել ուշադիր:
Նա նաև հանձնարարեց ԱԺ արտահերթ նստաշրջան ներկայացվող օրինագծերը ուշ չուղարկել ԱԺ, առնվազն մեկ շաբաթ առաջ ուղարկել, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան ծանոթանալու դրանց ու չդժգոհեն: «Սա ավելորդ խոսակցությունների տեղիք է տալիս, ուշադիր եղեք»,- հորդորեց վարչապետը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ