« Հայփոստ» ՓԲԸ-ն, մայիսի 6-ին, Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում մարել է « Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով մեկ նամականիշ և « Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. « Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ` մեկ նամականիշով:
Նամականիշերի մարումն իրականացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը և « Հայփոստ» ՓԲԸ կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը:
Մարումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի ներկայությամբ:
Կարդացեք նաև
Հենրի Մորգենթաուն 1913–16 թթ.-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։
Մորգենթաուի հոդվածները և գրքերն արժանահավատ վկայություններ են Հայոց ցեղասպանության մասին։ Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։
Հենրի Մորգենթաուի նախաձեռնությամբ է ստեղծվում Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն` Ամերկոմը ( American Committee for Relief in the Near East, ACRNE), որը հիմնադրվել է 1915 թ., Մերձավոր Արևելքի երկրների՝ պատերազմից տուժած և կարիքավոր բնակչությանը (հայեր, հույներ, ասորիներ և այլն) պարենով, հագուստով և դեղորայքով օգնելու նպատակով։
Արձագանքելով դեսպան Մորգենթաուի կոչին, որ անհրաժեշտ է Մերձավոր Արևելքի կարիքավոր բնակչությանը անհապաղ օգնություն տրամադրել, ստեղծվում է մի հատուկ կոմիտե, որը ստանում ԱՄՆ պաշտոնյաների, ներառյալ, նախագահ Վուդրո Վիլսոնի աջակցությունը: Կոմիտեն կարողացավ Պոլսում գտնվող ԱՄՆ դեսպանատան միջոցով գումար և հագուստ տրամադրել կարիքավորներին, որոնց օգնությունը բաշխվում էր շրջաններում գտնվող հյուպատոսների և միսիոներների միջոցով: Մոտավոր հաշվարկով տրամադրվել է 117 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն: Նպաստամատույց կոմիտեի գործունեության շնորհիվ փրկվել են տարածաշրջանով սփռված 132 000 հայ որբեր:
Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն»
Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը` Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին:
Մամլո հաղորդագրություն