Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները մի նոր հանգրվան են մեր պահանջատիրության համար

Մայիս 07,2015 11:26

Վեհափառ Հայրապետը ժամանեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ` նախագահելու Վաշինգտոնում կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները:

Նորին Սրբությանը և ուղեկցող պատվիրակությանը օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, թեմի էկումենիկ կապերի պատասխանատու Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Վաշինգտոնի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քահանա Կարապետյանը, հավատացյալ հայորդիներ:

Մայիսի 6-ին Վեհափառ Հայրապետը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելեցին Վաշինգտոնի Հոլոքոստի հիշատակի թանգարան: Անմար կրակի առջև Նորին Սրբությունն աղոթեց Հոլոքոստի և աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների ու բռնությունների անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Այցելության ավարտին Վեհափառ Հայրապետը արձանագրություն կատարեց թանգարանի հուշամատյանում:

Նորին Սրբությունը և Հայաստանի Հանրապետության նախագահը Հոլոքոստի հիշատակի թանգարանից ուղևորվեցին Կոնգրեսի Գրադարան և ծանոթացան գրադարանում պահվող հայկական ձեռագրերին ու գրական ժառանգությանը:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ Ամերիկայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների, Թուրքիայից եկեղեցական կալվածքները պահանջելու, Սփյուռքում Հայոց Եկեղեցու առաքելության վերաբերյալ հարցերին: Հանդիպմանը մասնակցեցին նաև Խաժակ Սրբազանը և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի ատենապետ Նուբար Աֆեյանը:

Մայիսի 6-ի երեկոյան Վաշինգտոնի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն: Նորին Սրբության օրհնությունն ստանալու էին եկել թեմի հոգևոր դասը, թեմական-պատգամավորական ժողովի մասնակիցները, հավատացյալ հայորդիներ Վաշինգտոնից և թեմի այլ ծուխերից ու համայնքներից:

Նորին Սրբությանը ողջույնի և բարի գալստյան խոսք ուղղեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը` իր երախտագիտությունը հայտնելով Վեհափառ Հայրապետին, որ ընդառաջ հրավերի` սիրով ժամանեց Վաշինգտոն` նախագահելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները:

Արարողության ընթացքում հավատացյալներին իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Վեհափառ Հայրապետը` գոհություն հայտնելով Բարձրյալ Աստծուն, որ առիթ է շնորհում վերստին հովվապետական այցով լինելու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում և հանդիպելու հոգևոր դասի և հավատավոր հայորդիների հետ:

«Այսօր վերստին Վաշինգտոնում ենք՝ ներհամայնքային և միջեկեղեցական միջինացումներով ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և նահատակ սուրբերի բարեխոսությունը հայցելու ամենքիդ համար:

Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված և իրականացված Հայոց Ցեղասպանության պատճառած ահռելի ցավն ու տառապանքը, աննկարագրելի ավերածությունները, տեղահանություններն ու հայրենազրկումն ուղղակիորեն իրենց առնչությունն ունեն մեզանից յուրաքանչյուրի ընտանեկան պատմության հետ: 100 տարի մեր խնդիրն է եղել աշխարհին իրազեկել այն եղեռնագործության մասին, որ տեղի ունեցավ 20-րդ դարասկզբի արյունալի արշալույսին: Այս իրազեկման գլխավոր նպատակը, սակայն, հայոց անսփոփ վշտի ու անմորմոք ցավի բարձրաձայնումը չէ միայն: Մենք, որպես ցեղասպանված ժողովրդի զավակներ, առաքելություն ունենք աշխարհին հիշեցնելու մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի մասին և զգուշացնելու, որ Ցեղասպանության հանցանքի ժխտումն ու ոճրագործին անդատապարտ թողնելը դուռ բացեց նորանոր այլ եղեռնագործությունների համար, ինչպիսիք էին Հոլոքոստը, Կամբոջիայի, Ռուանդայի և այլ ցեղասպանությունները:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները մի նոր հանգրվան են մեր պահանջատիրության համար: 100-րդ տարելիցը ավարտը չէ մեկդարյա պայքարի, այլ նոր սկիզբ է մեր արդար պահանջատիրության», – ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կոչված են նաև երախտիքի խոսք ուղղելու բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք հայ ժողովրդի պատմության եղերական օրերին օգնության ձեռք մեկնեցին, սատարեցին և օթևան տվեցին ցեղասպանությունը վերապրած բազմահազար հայորդիների: «Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջիններից էին, որ հանգանակություն ու մարդասիրական օգնություն կազմակերպեցին, հանգրվան տվեցին եղեռնահար մեր նախնիներին, որոնց սերունդներն եք դուք, որ շարունակում եք ապրել և իրականություն դարձնել ձեր ծնողների՝ ի սեր հայ կյանքի պայծառության ու հայրենիքի շինության ունեցած անավարտ երազանքներն ու անկատար գործերը»,-հավելեց Հայոց Հայրապետը` վերստին իր ուրախությունը հայտնելով ամերիկաբնակ հայորդիներին եկեղեցու կամարների ներքո միասիրտ և համախմբված տեսնելու առիթով:

«Միասնականությունը կարևոր նախապայման է մեր պահանաջատիրության հաղթանակի ճանապարհին: Ազգային մեր կյանքում այսօր էլ առկա են բազում մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց մեջ առաջնահերթ են ինչպես Հայոց Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը և Արցախի հիմնախնդրի կարգավորումը, Հայաստանի անօրինական շրջափակման վերացումը, այնպես և Սփյուռքի կենսունակ և հայաշունչ կյանքի պահպանությունը: Փոխադարձ սիրո և միմյանց հանդեպ ունեցած վստահության մթնոլորտում, միաբան գործակցությամբ ու համատեղ ջանքերով պիտի կարողանանք հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած այս դժվարությունները ու մեր նախնիների արդար դատը շահել ճշմարտությունն ուրացող նորօրյա ոճրագործների դեմ», – պատգամեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` աղոթքով հայցելով Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ Ամենաբարին Աստված զորավոր Իր Սուրբ Աջով պահապան լինի և խաղաղության մեջ պահի Հայոց երկիրն ու աստվածասեր հայ ժողովրդին, իսկ համերաշխության ու եղբայրսիրության ոգին Տիրոջ օրհնությամբ անբաժան ուղեկիցը լինեն համայն մարդկության:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Միացյալ Նահանգների թեմակալ բարեջան առաջնորդներին և Վաշինգտոնում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների բոլոր կազմակերպիչներին:

Վերջում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդը մոտեցան աջհամբյուրի` արտահայտելով Ամենայն Հայոց Հայրապետի հովվապետական այցելության առիթով իրենց բերկրանքն ու ուրախությունը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031