Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ հաղթեց Հիտլերին

Մայիս 07,2015 11:07

Ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայի և հայրենական պատերազմի հաղթանակի օրվա նախօրեին ևս մի անգամ արդիական են դառնում վաղուց արդեն բարձրաձայնվող հարցերը՝ «Ո՞վ հաղթեց Հիտլերին» և «Ո՞ւմ շնորհիվ երկրորդ աշխարհամարտն ավարտվեց ֆաշիստների պարտությամբ»:

Այս տարի այս հարցը, կարծես թե, էլ ավելի արդիական է: Պատճառն այն է, որ անցած 4 ամիսների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հայտարարություններ է արել, որոնցում պարբերաբար շեշտվում էր այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տարել է ռուս ժողովուրդը: Այսպես, օրինակ՝ 2015 թվականի հունվարի վերջին ՌԴ նախագահը հայտարարել էր, որ նացիզմի դեմ պայքարի հիմնական ծանրությունը իր ուսերի վրա կրել է ռուս ժողովուրդը: Երկու ամիս անց՝ մարտի 17-ին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է դիմադրի Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները փոխակերպելու և Ռուսաստանին հաղթող երկրի ստատուսից զրկելու փորձերին:

Ճիշտ կլինի մի կողմ դնել հարցի բոլոր հուզական կողմերն ու տասնամյակների պատմություն ունեցող բանավեճերն առ այն, թե արդյոք Երկրորդ համաշխարհայինում ֆաշիստները նման թափ կհավաքեին, թե ոչ, եթե Ստալինը 1939 թվականին պայմանագիր չկնքեր Հիտլերի հետ, այլ ընտրեր ֆաշիզմին դիմադրելու ուղին: Անհիմն է նաև քննարկելը, թե որքանո՞վ հավանական կլիներ Սովետական Միության հաղթանակը առանց Ֆաշիստական Գերմանիայի դեմ եվրոպական մի շարք երկրների և ԱՄՆ-ի դիմադրության: Մի կողմ դնելով Երկրորդ աշխարհամարտին վերաբերվող այս և մի շարք այլ լայն աշխարհաքաղաքական հարցեր՝ կենտրոնանանք մեկ այլ խնդրի վրա: Արդյո՞ք իսկապես Երկրորդ աշխարհամարտում Սովետական Միության տարած հաղթանակը բացառապես Ռուսաստանի ջանքերով էր: Այս հարցին պատասխանելու համար դիտարկենք ԽՍՀՄ երկրների բնակչության մասնակցությունը Երկրորդ համաշխարհայինին թվերով:

Զոհված ԽՍՀՄ զինվորականների ընդհանուր թիվը 10,6 մլն մարդ է կազմում: Ստորև բերում ենք խորհրդային հանրապետությունների համապատասխան ցուցանիշները:

Untitled-1

Untitled-2

Բնականաբար, հարց է առաջանում, թե արդյոք, ճիշտ է դատել պատերազմում տարած մարդկային կորուստների վերաբերյալ միայն զոհված զինվորների թվով: Բնականաբար, կարևոր է նաև հաշվի առնել սովետական հազարապետությունների քաղաքացիական կորուստները:

Ստորև բերում ենք նաև ամենաշատ մարդկային զոհեր՝ թե զինվորական և թե քաղաքացիական տված երկրների ցանկը.

Untitled-3

Ուշագրավ է, որ 11 տոկոսից բարձր զոհեր տված երկրների ցանկում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ չեն ընթացել անմիջական ռազմական գործողություններ: Ռազմի դաշտ չդարձած Խորհրդային Հայաստանի տված զոհերը ընդհանուր բնակչության թվի հետ տոկոսային հարաբերության տեսանկյունից ավելի շատ են, քան պատերազմի հետ անմիջական առնչություն ունեցած Ռուսաստանինը: Դեմոգրաֆիայի տեսանկյունից Հայաստանի տված զոհերն ավելի ողբերգական էին, քան Խորհրդային Ռուսաստանինը:

Մյուս կողմից էլ՝ ռազմական գործողությունների ասպարեզ դարձած Բելառուսի դեպքում՝ այդ զոհերը երկու անգամ ավելի շատ են, քան Ռուսաստանինը: Բելառուս ժողովրդի ¼-ը նահատակվել է երկրորդ համաշխարհայինի արդյունքում:

Ու թեև այսօր ՌԴ կառավարությունը պնդում է, թե Ռուսաստանի կրած կորուստները ամենանշանակալին են, սակայն դեմոգրաֆիական տեսանկյունից միայն չոր թվերով առաջնորդվելը սխալ է: Կարևոր է հաշվի առնել, թե ինչ հետևանքներ ունեցավ պատերազմը մնացած 14 սովետական հանրապետությունների համար, իսկ այդ հետևանքները հաճախ շատ ավելի ողբերգական էին, քան Ռուսաստանի կրած կորուստները:

Բացի այդ՝ եթե, օրինակ, Հայաստանից զորակոչված մարդկանց թվում այլ ազգությունների ներկայացուցիչներ գրեթե չկային, ապա Ռուսաստանի տված 13 մլն 950 հազար զոհերի թվին էին պատկանում նաև մի շարք այլ ազգությունների ներկայացուցիչներ՝ հրեաներ, հայեր, թաթարներ, կովկասյան մի շարք ազգություններ: Մյուս կողմից էլ՝ սովետական բանակի հրամանատարության կազմում բացառապես ռուսներ չէին: Անգամ սովետական իշխանության գլուխ կանգնած Ստալինը ազգությամբ ռուս չէր: Հետևաբար հարց է ծագում, թե որքանով է ազնիվ Վլադիմիր Պուտինի կողմից Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը բացառապես ռուս ժողովրդին վերագրելն ու Արևմուտքին պատմական փաստերի աղավաղման մեջ մեղադրելը, երբ ներկայիս ռուսական կառավարությունն ինքը մոռանում է ԽՍՀՄ մյուս ժողովուրդների կրած զոհողություններն ու արած ներդրումը հաղթանակի մեջ: Մոռանում է միլիոնավոր անմեղ զոհերին՝ անկախ նրանց ազգությունից:
Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031