Վերջերս «Օտար լեզուների դասավանդման արդի խնդիրները» խորագրով միջհամալսարանական գիտաժողով անցկացվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ինչը միջհամալսարանական նախաձեռնություն էր, որը նվիրված էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոնի ստեղծման 5-ամյակին: Միջոցառման ժամանակ հնարավորություն ունեցանք զրուցելու ֆակուլտետի ու ոլորտի ներկայացուցիչների հետ:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանն «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ իրենց ամբիոնի գործունեության 5 տարիների ընթացքում դասախոսները հրատարակել են մի շարք արժեքավոր մասնագիտական գրքեր ու բառարաններ, որոնք ոչ միայն նպատակային են, այլեւ կարեւոր՝ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման փուլում:
Դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոնի անցած հնգամյա ուղին ներկայացրեց ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը: Պարոն Չալըմյանը նկատում է՝ ամբիոնի ստեղծումն ինքնանպատակ չի եղել, այլ պարզապես վաղուց հասունացած անհրաժեշտություն էր: Ամբիոնի վարիչը նշեց, որ անցած 5 տարիների ընթացքում ամբիոնը դժվարին ճանապարհ է անցել՝ միաժամանակ ծավալելով բեղմնավոր գործունեություն:
Գիտաժողովում քննարկվեցին ֆակուլտետում ինը օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, չինարեն, ճապոներեն) դասավանդվող դիվանագիտական լեզվի ուսուցման առանձնահատկությունները, նորագույն գիտամեթոդաբանության կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաեւ արդի պահանջներին համապատասխան ուսումնական գրականություն ստեղծելու խնդիրները:
«Միջմշակութային հաղորդակցական հմտությունների ձեւավորումը «դիվանագիտական հաղորդակցում (թուրքերեն)» դասընթացի շրջանակներում» վերնագրով զեկույցի հեղինակ, ԵՊՀ դասախոս Լուսինե Քեռյանը կարծիք հայտնեց, որ մեր օրերում օտար լեզուների ուսուցումը անհրաժեշտ բաղադրիչներից է, իսկ դիվանագետների եւ միջազգայնագետների համար օտար լեզվին տիրապետելը խորը անհրաժեշտություն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել նրանց աշխատանքային գործունեությունը:
«Միջմշակութային հաղորդակցական ունակությունների զարգացման տեսանկյունից կարեւոր է, թե ինչ մեթոդներով, ձեւերով է իրականացվում մասնագիտական կողմնորոշման լեզվի ուսուցումը: Ուսուցման ընթացքում առաջարկվում է ինտերակտիվ մեթոդով դասընթացի կազմակերպում, որի ժամանակ անհրաժեշտ է ապահովել լեզվակիր դիվանագետին հատուկ բնական, իրական խոսքային իրադրություն»,- նշեց նա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.05.2015