Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Լպուտյան. «Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալը պատվաբեր է ցանկացած հավաքականի համար»

Մայիս 07,2015 14:00
lputyan

Ծաղկաձորում անցկացված շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Հրանտ Մելքումյան, մարզիչ՝ Արշակ Պետրոսյան) բրոնզե մեդալ նվաճեց: Բայց այնպիսի տպավորություն է, ասես, հայ շախմատասերի ակնկալիքներն այնքան էլ չեն արդարացել: Աշխարհում շախմատային երրորդ հավաքական ճանաչվելը մեր հնարավորությունների իրական սահմա՞նն էր, թե՞ ավելի բարձր տեղի էինք արժանի:

«Առավոտը» զրուցել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ:

– Անձամբ ձեզ բավարարո՞ւմ է մեր ընտրանու զբաղեցրած երրորդ տեղը:

– Եթե մինչեւ առաջնության մեկնարկն ինձ հարցնեին, թե կցանկանայի՞, որ մեր թիմը 3-րդ տեղ զբաղեցներ, կարծում եմ, կպատասխանեի՝ այո, քանի որ իրականում ուժեղ թիմեր էին մասնակցում: Տասը հավաքականների մեծ մասը կարող էր չեմպիոն դառնալ: Եվ այդպիսի մրցակցությունում բրոնզե մեդալի արժանանալը ցանկացած հավաքականի համար պատվաբեր է: Հայաստանը միայն մեկ անգամ աշխարհի առաջնություններում մեդալ չի նվաճել: Մեր բարձրագույն կոչումը եղել է աշխարհի չեմպիոնությունը, իսկ այս տարի չորրորդ անգամ դարձանք բրոնզե մեդալակիր: Համեմատության համար ասեմ, որ Իսրայելի ընտրանին, որն իր կազմով մեզ գրեթե չի զիջում, ընդհանրապես մեդալակիր չի դարձել:

– Բայց մի քանի ուժեղագույն շախմատիստներ, այնուամենայնիվ, չէին ժամանել Ծաղկաձոր:

– Ես այդպես չէի ասի: Բոլոր երկրներն էլ ուժեղագույն կազմերով էին ներկայացել: Բոլորում էլ հիմնականում երիտասարդ, շատ բարձր կարգի շախմատիստներ էին, որոնք հատկապես վերջին տարիներին հիանալի շախմատ են ցուցադրում եւ տեղ են զբաղեցնում վարկանիշային դասակարգման ամենավերին հորիզոնականներում: Թերեւս, Ռուսաստանի կազմում կարելի է նշել Վլադիմիր Կրամնիկի բացակայությունը: Բայց եթե նա թիմում լիներ, իր անունով Ռուսաստանի հավաքականի անունը կբարձրացներ, բայց ոչ խաղով:

– Մեր հավաքականն անհաջող մեկնարկեց: Հակառակ դեպքում, մրցաշարային ամփոփիչ աղյուսակում ավելի բարձր տեղ կարող էր զբաղեցնել: Գիտե՞ք պատասխանը:

– Դժվար է ասել: Ես մեկնարկից առաջ տղաներին տեսել եմ: Լավ մարզավիճակում էին, լիցքավորված, բարձր տրամադրությամբ: Գուցե, լավ հանդես գալու մեծ ցանկությունը խանգարեց, այն, որ առաջնությունն ընթանում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշելու օրերին, տանը խաղալու պատասխանատվությունը, երբ գիտես, որ երկրպագուներդ սպասում են հաղթանակների ու նրանց պետք է ուրախություն պարգեւես: Սովորաբար, մեկնարկային երկու օրերը ցույց են տալիս, թե ով ինչ վիճակում է: Մեր դեպքում ցույց տվեց, որ Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը լավ մարզավիճակում չէին: Գաբրիել Սարգսյանն էլ լավ չմեկնարկեց, բայց հետո կարգավորեց խաղը: Միայն Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը լավ հանդես եկան:

– Լեւոն Արոնյանը շուրջ մեկ տարի անհաջող մրցելույթներից հետո վերջապես գրեթե իրեն արժանի շախմատ խաղաց՝ 1-ին խաղատախտակի առջեւ նվաճելով ոսկե մեդալ: Չե՞ք կարծում, որ անցած տարի միմյանց հաջորդող գերմրցաշարերում նա հոգնել էր:

– Այդ հարցին Լեւոնը կարող է ճիշտ պատասխանել: Ես կարող եմ ասել, որ Արոնյանն աշխարհի առաջնությունում ավելի թարմ տեսք ուներ, թեեւ այստեղ էլ խնդիրներ կային: Որոշ պարտիաներում նա կարող էր ավելի բարձր արդյունքներ արձանագրել: Բայց ամեն դեպքում, երբ շախմատիստը վարկանիշ է բարձրացնում, նշանակում է՝ լավ է խաղացել: Իմ կարծիքով, Լեւոն Արոնյանը Ծաղկաձորում ցույց տվեց վերջին մեկ տարվա իր լավագույն խաղը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031