«Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներով եկել են Հայաստան: Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծության թեմային, որի հետևանքով, ցավոք, նաև հայեր էին տուժել: Միաժամանակ ահազանգ էին հնչեցրել երեխաներին, դպրոցականներին պատերազմական գոտուց ուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը, իշխանությունները պատրաստ են պատշաճ ձևով ընդունել և անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար»,- այսօր կառավարության նիստի սկզբում անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին ու սիրիահայերի խնդիրներին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նշեց, որ Սիրիայում լարված վիճակը շարունակվում է, ինչը մեծ ավերածությունների ու զոհերի է հանգեցնում: Նա ասաց, որ ցանկանում է, որպեսզի կառավարության բոլոր անդամներն այդ մասին տեղյակ լինեն, և երբ Սփյուռքի նախարարը վերադառնա Հայաստան, պետք է կառավարությանը, հանրությանը ներկայացնի, թե ինչ քայլեր է անում նախարարությունը, իսկ կառավարությունն ինչ խնդիրներ պետք է լուծի և ինչպես պետք է աջակցի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ