Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողության բանաձեւը. «Եթե դու կասկածում ես քո հաղթանակին, ուրեմն 100%-ով պարտված ես»

Մայիս 07,2015 13:30

Արմեն Մարտիրոսյանը ներկայացնում է իր հաջողության բանաձեւը

Սեղանին փաստաթղթեր ու գրքեր, զանգեր ամեն րոպե, դեռ մի քանի օր առաջ է եկել Մինսկից, հետո էլ պետք է Ստամբուլ գնա, նախագծեր կան իրագործելու, հարցեր կան լուծելու. սա երեւի բոլոր բիզնեսմենների առօրյան եւ կենցաղն է, բայց մեր տեսածն ու լսածը «Անտարես» մեդիա հոլդինգում է: Հանդիպել ենք այս ընկերության նախագահի՝ Արմեն Մարտիրոսյանի հետ եւ փորձել պարզել՝ Հայաստանում հայտնի մեդիա հոլդինգներից մեկի ղեկավարի բիզնես հաջողության բանաձեւը:

Արմեն Մարտիրոսյանը պատմում է՝ 90-ականների սկզբին ուսանող ընկերներով, հիմնելով «Անտարես» հրատարակչությունը, ցանկանում էին տատասկների միջով դեպի աստղեր հասնել, եւ հենց այդ ուղերձով էլ սկսել են իրենց գործունեությունը: «Բայց այսօր արդեն տեսնում ենք, որ աստղերից շատ հեռու ենք: Իհարկե, մենք ձեռք չենք տվել մեր գովազդային ուղերձին, սակայն այսօր մեր խնդիրը դեպի աստղերը գնալը չէ: Այսօր մեր խնդիրը Սահմանադրությունը պահպանելն է, պետականություն հաստատելը: Տեսեք` ինչպես է տրանսֆորմացվել նպատակը. այն սկսել է զիջել, բայց մյուս կողմից՝ ամրանալ, կայանալ: Պետք է հետաքրքիր լինի, թե ինչու հրատարակչի, գովազդային գործչի նպատակը դարձավ պետականության պահպանումը, պետական ինստիտուտների ճիշտ աշխատանքը, կոռուպցիայի հաստատումը եւ այլն. մենք արդեն քսան տարուց ավելի դոփում ենք տեղում, քանի որ մեր պետությունը չունի այդ մեխանիզմները: Շատ հարկային տեսուչներ ժամանակին ինձ խելք էին սովորեցնում, որ ախպեր, ինչի՞ ես այդքան հարկ վճարում, մեզ մի երկու կոպեկ կտաս, ամեն ինչ լավ կլինի, էշ-էշ ինչի՞ ես տանում, փողերդ տալիս պետությանը: Ես նրանց ուղարկել եմ որտեղ որ պետք է, հիմա իրենք երեւի հենց այնտեղ են մնացել»,- ասում է պարոն Մարտիրոսյանը: Հիշում է, որ երբ հիմնադրեցին «Անտարեսը», պատերազմ էր. «Բայց մենք տեսնում էինք, որ մեր վարչապետի լույսը «դվիժոկով» է աշխատում, «լեւի» լույս չունի, հասկանում էինք, որ մեր վարչապետը նույն վիճակում է, ինչ վիճակում մենք էինք, ու այդ պատճառով հավեսով էինք անում մեր գործը, հավեսով էինք կրում պատերազմի զրկանքները: Մենք գիտեինք, որ պատերազմ է, ոչ թե ցրտի, մթի տարիներ էին, այլ պատերազմ. հերոսական պատերազմ էր»:

Հայաստանում եւ ամենուր բիզնես սկսողներին պարոն Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս՝ նախ իմանալ սեփական իրավունքները եւ պարտականությունները. «Ավելի շատ իրավունքներդ, եւ մի քայլ, մեկ սանտիմետր մի՛ զիջիր, սխալին թույլ չտաս մեկ սանտիմետր մտնի քո դաշտ, վաղը քո այդ զիջելու փոխարեն ավելի շատ վնասներ կտաս, մի խնայիր այն մեկ կամ հինգ տոկոս հարկը, որը որ քթիցդ բերելու են, շատ ավելի մեծ փողեր ես հետո վճարելու: Մի՛ թույլ տուր բիծ լինի վրադ, այդ բիծը դարձնելու են մեծ լաքա: Ամենակարեւորն իմացիր տիրույթդ եւ ոլորտդ, որովհետեւ այսօր շատ-շատ պոտենցիալ հաջողակ բիզնեսմեններ հենց այն պատճառով են սնանկացել, որովհետեւ փոխվել է իրավիճակը, եւ այդ իրավիճակը մարդիկ էին ստեղծել»: Չնայած Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ եթե մեր պետական համակարգերն ավելի լավ աշխատեին, բիզնես ոլորտն ավելի կզարգանար, այնուամենայնիվ, նա իրավիճակի փոփոխությանը հավատացողներից մեկն է. «Ես հավատում եմ, որ դա կարելի է փոխել: Դրա համար ես ամեն օր գիրք եմ հրատարակում: Իսկ հայերենում մի հրաշք բառ կա՝ լույսընծայել, ես լույսի հետ եմ աշխատում, ես լույսը տեսնում եմ, եւ լույսը սփռում եմ, հիմա ուզում եք ամպագոռգոռ համարել, ուզում եք սրբապղծություն համարել, ես լուսավորչությամբ եմ այսօր զբաղված»:
Պարոն Մարտիրոսյանը հաջողության հասնելու համար կարեւորագույն պայմաններից է համարում հավատը. «Ապրիլի 2-ին նամակ ենք ստացել մաքսատնից՝ ապրանքների մաքսային ձեւակերպումների հետ կապված, եւ այսօր ինձ զեկուցում են, որ չենք կարող այդ հարցը լուծել. ասում եմ՝ ի՞նչ եք արել, ասում են՝ զանգել ենք այս մարդուն, այն մարդուն, ասում եմ՝ բարի, հարցնում եմ՝ ի՞նչ եք ասել, ասում են՝ սա ենք ասել: Զանգում եմ այդ մարդկանց եւ նույն բառերն ասում եմ, եւ ստանում եմ դրական պատասխան: Ոչ մի ավել ինֆորմացիա չեմ տվել, ոչ մի ավել բառ չեմ արտասանել, տարբերությունը գիտե՞ք որն է իմ եւ այն՝ կատարողների միջեւ. ես հավատում էի, որ կհասնեմ հաջողության: Եթե դու կասկածում ես քո հաղթանակի մեջ, դու հարյուր տոկոսով պարտված ես, դու չունես շանս, չի կարող բախտդ բերի, եթե դու չես հավատում, որ հաղթելու ես»: Կյանքում հանդիպող պարտությունները, ըստ Արմեն Մարտիրոսյանի, հզոր դասեր են. «Լավ կլինի, որ դու ուրիշի պարտությունների վրա սովորես, բայց քո պարտությունդ էլ պետք է անալիզ անես, հասկանաս, թե ինչից էր»:

Պարոն Մարտիրոսյանը խոստովանում է, որ բիզնեսով զբաղվելն ու ժամանակն անմնացորդ բիզնեսում անցկացնելն ունի իր բացասական հետեւանքները: «Ես այն մարդկանցից եմ, որոնք հանուն բիզնեսի վարի են տվել իրենց ընտանիքը: Խորհուրդ կտամ նման բան չանել: Պետք է հասկանալ՝ գիշեր-ցերեկ ինչ անել: Ես ամեն օր իմ երեխաների հետ շփվում եմ եւ այլն, բայց նրանց հետ չեմ ապրում: Այստեղ պետք է զգույշ լինել, կնոջդ, երեխաներիդ պետք է ժամանակ տրամադրես բիզնեսից դուրս: Իմ սխալի վրա թող ուրիշները սովորեն: Պետք է կարողանալ արդյունավետ կառավարել ժամանակը,- ասում է պարոն Մարտիրոսյանը՝ նկատելով, որ հատկապես Հայաստանում մարդիկ ժամանակը չեն գնահատում,- փողը գնահատում են, ժամանակը՝ չէ: Օրինակ՝ մարդիկ կարող են տարիներով իրենց գաղափարները չիրագործել, մինչեւ գնան, ուսումնասիրեն շատ-շատ բաներ ու փորձեն ավելի էժանը անել, ու որակով չանեն: Մարդիկ գնում են էժանի հետեւից եւ կորցնում են որակ, իսկ որակ կորցնելով՝ կորցնում են շուկա, անհաջողակ են դառնում»: Բիզնեսի կարեւորագույն խնդիրներից մեկը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, նաեւ հանրօգուտ բան անելն է:

«Եթե կարողանում ես հաճախորդիդ առաջադրանքը իրագործել, եւ միաժամանակ հասարակության համար ստեղծել բարիք կամ մեծ միջոցառում, անհրաժեշտ մի բան, ապա գնա դրան: Եթե պետք է հաճախորդիդ պահանջները բավարարես՝ ի հաշիվ հասարակության, մի գնա դրան: Հետո կպատասխանես շատ ավելի ծանր: Շատ կարեւոր բան եմ ասում. այս եղած չինովնիկներով հնարավոր է օրենքի սահմաններում աշխատել: Ես ինքս կարող եմ ասել, որ հաստատ հնարավոր է Հայաստանում օրինական ճանապարհով բիզնես վարել, իհարկե, դու չես ստանա գերշահույթներ, բայց գումար կարող ես աշխատել,- ասում է պարոն Մարտիրոսյանը,- այսօր շատ գործարարներ ասում են, որ Հայաստանը տեղ չէ աշխատելու համար, ճիշտ են ասում: Բայց պատկերացրեք մի պահ, որ ոչ թե փող աշխատելու համար եք այդ ամենն անում, այլ անում եք հենց այդ գործը անելու համար: Հաց ես թխում. ոչ թե նպատակդ փող աշխատելն է, այլ՝ հացով կերակրելը, ու եթե դու այդ գործը անելով կարողանում ես քո ընտանիքը, քո շրջապատը բարեկեցության շրջանակներում պահել, ապա դրանով բավարարվի: Նպատակդ փոխում ես, բավարարվածությունդ նույնպես փոխվում է. քեզ պետք է կուշտ ժողովուրդ, բարեկեցիկ ընտանիք ու մեկ էլ տեսնում ես, որ Հայաստանը աշխարհի ամենալավ տեղերից մեկն է, որ կարող ես ապրել: Պետք չի լքել, գնալ… Իմ կարծիքով, օտար տեղում ստեղծած հացը հարամ է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031